
Կանադայում պատգամավորները պահանջում են Թրյուդոյի հրաժարականը
Կանադայի Լիբերալ կուսակցության պատգամավորների ավելի քան մեկ երրորդը ցանկանում է, որ վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական տա կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտնում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
«Լիբերալ կուսակցության ավելի քան 50 պատգամավորներ համաձայնել են, որ Ջասթին Թրյուդոն պետք է հրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից կուսակցության ամենամեծ տարածաշրջանային հանդիպման ժամանակ»,- նշվել է հայտարարության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրյուդոյի գլխավորած կուսակցությունից միայն 21 պատգամավոր է հրապարակայնորեն արտահայտել այս կարծիքը։
Համայնքների պալատի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Կանադայի խորհրդարանում նստած են Լիբերալ կուսակցությունից 153 պատգամավոր։
Կանադայի Նոր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջագմիթ Սինգհը նախկինում կոչ էր արել Թրյուդոյին հրաժարական տալ՝ ասելով, որ իր կառավարությունն ի վիճակի չէ հաղթահարել երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները:
Ավելի վաղ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին առաջարկել էր Կանադան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը: