26 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը տեսակապով կմասնակցի Լենինգրադի մարզում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովին․ ТАСС

Փաշինյանը տեսակապով կմասնակցի Լենինգրադի մարզում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովին․ ТАСС

Լենինգրադի մարզում՝ «Իգորա» հանգստավայրում, այսօր տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ եվրասիական «հնգյակի» բոլոր առաջնորդներն անձամբ կհանդիպեն գագաթնաժողովին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ստիպված է եղել չեղարկել իր ուղևորությունը՝ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի պատճառով։

Ինչպես հայտնել է գագաթնաժողովի ТАСС-ի աղբյուրը, ՀՀ վարչապետը, նախատեսում է մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակապի միջոցով։ 

Ինչպես հայտարարել են Կրեմլում, հանդիպմանը քննարկվելու է ԵԱՏՄ-ին ինտեգրման հետագա խորացումը։ Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն ներքին շուկայում խոչընդոտների ու սահմանափակումների վերացումը, ֆինանսական հատվածում օրենսդրության ներդաշնակեցումը, ծառայությունների միասնական շուկայի ազատականացումը։ Մյուս թեման գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորումն է։ Ղեկավարները կհաստատեն ԵԱՏՄ-ի 2025 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները և կազմակերպության բյուջեն։ Գագաթնաժողովի արդյունքում՝ նախատեսվում է ստորագրել ավելի քան 20 կարևոր փաստաթուղթ։ Դրանց թվում է նաև Եվրասիական տնտեսական միությունում Իրանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու որոշումը։

2025 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահի պաշտոնը Երևանից անցնում է Մինսկին։ Սպասվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի 2025 թվականի իր նախագահության առաջնահերթությունները։