23 Փտր
2025
-6.9° c ԵՐԵՎԱՆ
-15.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում շարունակում է լարված մնալ ներքաղաքական կյանքը․ ո՞վ է երկրի՝ կրթություն չունեցող նոր նախագահը

Վրաստանում շարունակում է լարված մնալ ներքաղաքական կյանքը․ ո՞վ է երկրի՝ կրթություն չունեցող նոր նախագահը

Վրացի հայտնի ֆուտբոլիստ, նախկին պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլին Վրաստանի նոր նախագահ։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 29-ին։ Կավելաշվիլին ներկայացնում է իշխող Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։

Երկրի վեցերորդ նախագահի ընտրություններն անցել են նոր սխեմայով. առաջին անգամ պետության ղեկավարն ընտրվել է ոչ թե երկրի քաղաքացիների ուղղակի քվեարկությամբ, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից։ Ընտրողների կեսը Վրաստանի խորհրդարանից էին, իսկ մյուս կեսը՝ երկրի շրջանների ներկայացուցիչներից։ Այն ներառում էր նաև Աբխազիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմինների անդամներ։

Նորընտիր նախագահը միակ թեկնածուն էր։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 300 մարդկանցից 224-ը քվեարկել է 53-ամյա Կավելաշվիլիի օգտին։

Արդեն նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի վեցերորդ նախագահի ընտրությունը սադրանք է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից, այլ ոչ թե ժողովրդավարական, օրինական ընթացակարգ։

«Ես նույնիսկ չգիտեմ, թե դա ինչ անվանել՝ սադրանք, թե պարոդիա։ Հավանաբար, սա պարոդիա է, այս ամբողջ ոչ լեգիտիմ գործընթացը»,- ասել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով, այս ընտրությունները վիրավորանք են վրաց ժողովրդի համար, քանի որ դրանք անցկացվել են ոչ լեգիտիմ խորհրդարանում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին շնորհավորել է Կավելաշվիլիին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ասել, որ Զուրաբիշվիլին պետք է լքի իր պաշտոնը։

«Ես կարող եմ միայն իմ համակրանքը հայտնել նորընտիր նախագահին»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ «Վրաստանը 20 տարի «հայրենասեր և հոգեպես և հոգեբանորեն հավասարակշռված» ղեկավար չունի։

Այս ամենի ֆոնին, Զուրաբիշվիլին հրաժարվում է լքել պաշտոնը։

«Ես հավատարիմ եմ մնում երկրին, այն սահմանադրությանը, որին ես երդում էի տվել վեց տարի առաջ, որը ոտնահարվեց, բայց մնաց, ինչպես որ Վրաստանն է, ես կարող եմ միայն շարունակել և հավատարիմ մնալ դրան»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրացական ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները, որին միացել է նաև Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա հայտնել է, որ հավատարիմ է մնալու վրացական բանակին և, որ շնորհակալ է այն վետերաններին, ովքեր միացել են ակցիաներին։

«Ես եմ և կլինեմ վրացական բանակի Գերագույն հրամանատար, ես հավատարիմ եմ այս մարդկանց, ովքեր կանգնած են այստեղ, բայց ոչ միայն այս մարդկանց։ Թող ոչ ոք չմտածի, որ ես բոլորի նախագահը չեմ, ես եմ և կլինեմ նախագահ»,-հայտարարել է Զուրաբիշվիլին։

Ելույթ ունենալով հանրահավաքում՝ Զուրաբիշվիլին կրկնել է նոր խորհրդարանական ընտրությունների իր պահանջը։ Նա լեգիտիմ չի համարում հոկտեմբերի վերջին Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, հաղթանակ են բերել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրացավ Զուրաբիշվիլիի ղեկավարման ժամկետը։

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ վատթարացավ հոկտեմբերի վերջին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում, պաշտոնական տվյալներով, կրկին հաղթանակ տարավ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադիր կուսակցությունները և Զուրաբիշվիլին չեն ճանաչել քվեարկության արդյունքները։ Նրանք դրանք կեղծված են անվանել եւ պահանջում են վերընտրություններ։ Մեկ ամիս անց վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականի վերջ սառեցնելու և եվրոպական ֆինանսական օգնությունից հրաժարվելու մասին։
Այս ամբողջ ընթացքում երկրում չեն դադարում բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։

Բայց սա չի խանգարում նոր նախագահի երդմնակալությանը, որն այսօր տեղի կունենա։ Վրաստանի նոր նախագահը անգլիական «Մանչեսթր Սիթի» ֆուտբոլային ակումբի և Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ է։ 2015 թվականին նա ցանկություն է հայտնել՝ դառնալ Վրաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ, սակայն կրթություն չունենալու պատճառով չի կարողացել մասնակցել ընտրությանը։ Փոխարենը մի քանի տարի անընդմեջ եղել է Վրաստանի պատգամավոր «Վրացական երազանք» կուսակցության կողմից։ 2022 թվականին Միխայիլ Կավելաշվիլին հեռանում է կուսակցությունից և ստեղծում է սեփական քաղաքական ուժը՝ «Ժողովրդի ուժը»։