Հայկական ինքնաթիռի աղետը Միներալնիե Վոդիում․ «Հետք»
«Հետքը» շարունակում է ներկայացնել Հայաստանի տարածքում տեղի ունեցած, ինչպես նաեւ հայկական ավիացիային առնչվող պատահարները, որոնց ժամանակ ոչ միայն օդանավեր են շարքից դուրս եկել, այլեւ շատ դեպքերում մարդիկ են զոհվել:
1961 թվականը ողբերգական ստացվեց հայկական քաղավիացիայի համար: Այդ տարվա ապրիլի 24-ին աղետի ենթարկվեց Երեւան-Ստեփանավան չվերթն իրականացնող «Ան-2» ինքնաթիռը: Զոհվեց 16 մարդ, այդ թվում՝ 4 երեխա: Սա աննախադեպ աղետ էր հայկական քաղավիացիայի պատմության մեջ: Հուլիսի 11-ին էլ աղետի ենթարկվեց Եղեգնաձորից Երեւան թռչող «Յակ-12» օդանավը, զոհվեց 1 հոգի: Իսկ սեպտեմբերի 10-ին 3 առեւանգիչներ փորձեցին փախցնել Երեւան-Եղեգնաձոր չվերթն իրականացնող «Յակ-12» ինքնաթիռը, որով պիտի մեկնեին Թուրքիա: Առեւանգման փորձը ձախողվեց, առեւանգիչներից մեկը զոհվեց աղետի հետեւանքով, մյուս երկուսը դատապարտվեցին մահվան:
Վերջին պատահարը գրանցվեց տարվա վերջին օրը՝ 1961-ի դեկտեմբերի 31-ին: Ի տարբերություն նախորդ դեպքերի՝ այս մեկը տեղի ունեցավ Հայաստանի սահմաններից դուրս:
Դեկտեմբերի 29-ին, 30-ին ու 31-ին վատ եղանակային պայմանների պատճառով ԽՍՀՄ կովկասյան տարածաշրջանում բազմաթիվ չվերթեր ուշացան: Թբիլիսիի օդանավակայանում շուրջ 500 ուղեւոր էր հավաքվել: Հայկական առանձին ավիախմբի շարժակազմում գտնվող «Իլ-18» (խորհրդային գրանցումը՝ СССР-75757) ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան չվերթը, վայրէջք էր կատարել Թբիլիսիում: Երեւանի օդանավակայանը վատ եղանակի պատճառով տեւական ժամանակ փակ էր, եւ շատ ուղեւորներ արդեն սկսել էին վերադարձնել տոմսերը:
Ամսի 31-ի օրվա երկրորդ կեսին բացվեց Միներալնիե Վոդիի օդանավակայանը: Քաղաքացիական օդանավատորմի վրացական վարչության ղեկավարությունը կապվեց Հայկական առանձին ավիախմբի ղեկավարության հետ՝ խնդրելով թույլատրել օգտագործել այդ ժամանակ Թբիլիսիում գտնվող հայկական կողմի «Իլ-18» տիպի 2 օդանավերը: Դրանցով պիտի լրացուցիչ թռիչքներ իրականացվեին՝ Վրաստանի մայրաքաղաքի օդանավակայանում մնացած ուղեւորներին իրենց վերջնակետեր հասցնելու համար: Հայկական կողմը սկզբում մերժեց ինքնաթիռների օգտագործման խնդրանքը, սակայն հետո, տեղեկանալով, որ Երեւանի օդանավակայանը դեռ փակ է մնալու, համաձայնեց:
Դեկտեմբերի 31-ին Թբիլիսիի օդանավակայանում դեպի Մին. Վոդի թռիչքի նստեցման հայտարարություն չարվեց, սակայն հենց ուղեւորակամրջակը մոտեցավ ինքնաթիռին, հավաքված զանգվածն անկազմակերպ շտապեց դեպի օդանավ (СССР-75757): Ավիատոմսերի ստուգում չիրականացվեց: Օդանավի սրահի լցվելուց հետո ուղեւորակամրջակը, որի մեջ դեռ մարդիկ կային, սկսեց հեռանալ ինքնաթիռից: Հետո պարզվեց, որ բորտ-մեխանիկն ու բորտ-ուղեկցորդուհիներից մեկը չեն հասցրել նստել օդանավ: Վերջիններիս համար սանդուղք իջեցվեց, որով, սակայն, եւս մի քանի հոգի մտան օդանավ: Այս ամենի հետեւանքով 84 ուղեւորի համար նախատեսված «Իլ-18»-ում հայտնվեց 110 ուղեւոր: