Սիրիական իշխանափոխության ազդեցությունը տարածաշրջանում. ի՞նչ ակնկալել
BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի ներկայիս իշխանությունների փաստացի ղեկավար համարվող Ալ-Շարաան ասել է, թե ինչպիսի վերաբերմունք ունի իր երկրում, այլ պետությունների ռազմական ներկայությանը։ Ըստ Ալ-Շարաայի` Թուրքիան միակ երկիրն է եղել, որի ներկայությունը լրիվ արդարացված է Սիրիայում։ Նրա խոսքով` սիրիական ճգնաժամը անմիջական ազդեցություն է ունեցել այս երկրի վրա։ Անկարան ստիպված է եղել ընդունել ամենամեծ թվով սիրիացի փախստականներին, և Սիրիայի հյուսիսում, պահպանելով ներկայությունը, նպաստել է կայունությանը։ Իսրայելի ներկայությունը, Սիրիայի փաստացի ղեկավարը հիմնավորված է համարել, թեև նշել է, որ ներկայումս Սիրիան ոչ մի երկրի համար սպառնալիք չի հադիսանում, ուստի անհագստանալու պատճառներ չունի, և ժամանակն է դուրս գալու Սիրիայի տարածքից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Իրանին, ապա Ալ-Շարաան ծայրահեղ բացասական է վերաբերվում նրանց ներկայությանը, նշելով, որ նրանք տարիներ ի վեր օգնել են Ասադի ռեժիմին՝ նպաստելով Սիրիայի ժողովրդի դեմ հանցագործություններին։ Բայց, այս ամենի հետ մեկտեղ, Ալ-Շարաան չի բացառել, որ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, ռուսները կարող են պահպանել իրենց ներկայությունը Սիրիայում։
Ահմեդ Ալ-Շարաան, որը հիմա աշխարհին ներկայանում է, որպես սիրիական անցումային իշխանության ղեկավար, և որը հետագայում էլ Սիրիայի առաջնորդը լինելու հավակնություններ ունի, լրատվամիջոցներն ներկայանում է որպես ազատության համար պայքարած մարտիկ և կանանց իրավունքների ջատագով։ Սակայն, իրականում, այս մարդը ահաբեկչության և ծայրահեղականության ոլորտում ունի հարուստ «աշխատանքային» կենսագրություն։ Եվ, սա հայտնի փաստ է։ Նույն BBC-ի հոդվածներից մեկի համաձայն` Ալ-Շարաան, որը նախկինում հանդես է եկել Աբու Մոհամմեդ ալ-Ջոլանի անունով, սերտ կապերի մեջ է եղել ժամանակին ամենահնչեղ ահաբեկչական կազմակերպության՝ Իսլամական պետության ղեկավար Ալ-Բաղդադիի, իսկ դրանից առաջ էլ Ալ-Քաիդայի հետ։ Ավելին` Ալ-Շարաան Ալ-Բաղդադիի հրահանգով է Սիրիայի հյուսիսում ստեղծել Ջաբհաթ Ան-Նուսրա ծայրահեղական խմբավորումը։ Այն ի սկզբանե ունեցել է Թուրքիայի աջակցությունն ու ակտիվորեն նպաստել է Սիրիական բանակի և քրդերի դեմ Անկարայի ռազմական գործողություններին։ Հենց այստեղից էլ գալիս է Ալ-Շարաայի բավականին թրքամետ դիրքորոշումը։ Հետագայում Ջաբհաթ ան Նուսրա խմբավորումը փոխել է իր անվանումը` կոչվելով Հայաթ Թահրիր ալ Շամի, ըստ էության իր ահաբեկչական անցյալի հետ չասոցացվելու համար, սակայն կարճ ժամանակ անց նորից հայտնվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, այս կազմակերպությունը իր գործունեությամբ, բնույթով և կառուցվածքով ամենսկզբից ստեղծվել է որպես ահաբեկչական կառույց։
Շատ փորձագետներ, ինչպես արևմտյան հարթակներից, այնպես էլ հայաստանյան հեռուստաալիքներից, կարծիք են հայտնում, որ ԱՄՆ-ն, իր դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի հետ միասին, օգտագործելով իրենց պրոքսի խմբավորումներին, կոտրեցին Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը Սիրիայում։ Ըստ այս փորձագետների` իրանական ազդեցությունը Սիրիայում հիմա զրոյացված է, իսկ ռուսները շուտով ստիպված պետք է դուրս բերեն իրենց ռազմական բազաներ, տեղափոխվեն կամ Լիբիա, կամ Ալժիր։ Կարճ ասած, արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի և իր դաշնակիցների, հիբրիդային պատերազմների սիրիական հարթակում վերջնական հաղթանակ տարավ։ Սակայն, «վերջնական հաղթանակի»-ի մասով արժե զգուշավոր արտահայտվել։ Ռուսական պաշտոնական շրջանակները` սկսած ԱԳ նախարար Լավրովից, հայտնում են, որ իրենք պատրաստ են բանակցել սիրիական նոր իշխանությունների հետ, իրենց ռազմական ներկայությունը այնտեղ շարունակելու համար։ Եվ, սրանք զուտ դատարկ հույսեր չեն, քանի որ, նույն ինքը Ալ-Շարաան, BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, որ, որոշակի փոխհամաձայնություններից հետո, իրենք պատրաստ են ընդունել ռուսական բազաների առկայությունը Սիրիայում։ Օրինաչափ հարց կարող է առաջանալ, այդ ինչպե՞ս Արևմուտքից և Թուրքիայից աջակցվող խմբավորման ղեկավարը կարող է համաձայնվել Սիրիայում ռուսական ներկայության շարունակականությանը։ Այս հարցի միակ ճշմարիտ պատասխանը, ըստ էության, այն է, որ ինքը՝ Ալ-Շարաան լավ է հասկանում, որ Ասադի դեմ տարած, իր այսպես կոչված հաղթանակը ոչ թե իրենն է, այլ իր արտասահմանյան հովանավորներինը։ Ուստի, և լավ գիտակցում է, որ անհրաժեշտության դեպքում, այդ հովանավորները կարող են իրենից ևս ազատվել։ Ալ-Շարաան, թեև համարվում է իշխանությունը Ասադից վերցրած Հայաթ Թահրի ալ Շամի ղեկավարը, սակայն իրականությունը այն է, որ այս կազմակերպությունը միատարր չէ, և այն իշխանությունը զավթել է բազմաթիվ այլ խմբավորումների հետ, որոնց մի մասը թուրքական ազդեցության ներքո է, մյուս մասը` ԱՄՆ-ի և Իսրայելի։ Հենց միայն այն փաստը, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կեսից ավելի գրավվել է էթնիկ դրուզներից կազմված Հարավային օպերատիվ շտաբ կոչվող խմբավորման կողմից, բավարար է ասելու համար, որ Ալ-Շարաան Ասադի դեմ հաղթանակի լիակատար սեփականատերը չէ։ Եվ, երբ նա ասում է, որ ինչ-ինչ փոխհամաձայնություններից հետո ռուսները կարող են մնալ, նա դրանով փորձում է Սիրիայում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի գերիշխանությանը հակակշիռ պահել։ Ի դեպ մի փոքր պատմական ակնարկ։ Ժամանակին Հաֆեզ Ասադը՝ Բաշար Ասադի հայրը, ևս աչքի է ընկել իր հակառուսական և հակակոմունիստական հայացքներով, սակայն, հետագայում, նա ստիպված իր վերաբերմունքը փոխել է՝ դառնալով ամենա պրոսովետական ղեկավարը։ Նրան աշխարհաքաղաքականությունը ստիպեց, քանի որ միայն ռուսները այնքան հնարավորություն և կապեր ունեն տարածաշրջանում, որ կարող են հակակշռել Արևմուտքին կամ ցանկացած այլ ուժի։ Եվ նրանց աջակցելով` կարելի էր ապահովել Ասադների իշխանության շարունականությունը Սիրիայում։ Չպետք է բացառել, որ հիմա էլ, Ալ-Շարաան, նույն դրդապատճառներից ելնելով է, որ կտրականապես չի բացառում ռուսական ներկայությունը Սիրիայում։ Նա վախենում է, որ իր հովանավորները, ինչպես օգնեցին իրեն դառնալ երկրի ղեկավար, այնպես էլ կարող են «գահընկեց» անել։ Իսկ նրանց կարելի է արդյունավետ հակակշռել ռուսների օգնությամբ։
Այսպիսով, դեռ վաղ է խոսել Սիրիայում խաղաղության, կայունության և նույնիսկ այնտեղ ընթացած հիբրիդային պատերազմում որևէ կողմի հաղթանակի մասին։ Նույնիսկ դաշնակիցներ համարվող Թուրքիայի, Իսրաելի և ԱՄՆ-ի շահերը, շատ դեպքերում հակասում են իրար, և չի բացառվում, որ ինչ որ պահից նրանց հովանավորած պրոքսի խմբավորումները, արդեն իրար դեմ պայքարեն։ Եվ, դա նոր հնարավորություններ կարող է բացել Ռուսաստանի և, ինչու չէ, Իրանի համար։ Շատ տեսաբաններ գտնում են, որ Իրանը ամեն ինչ կորցրեց Սիրիայում, և վերջնականապես դուրս եկավ այնտեղից։ Սակայն դեռ վաղ է Իրանին հաշիվներից դուրս համարել։ Այս երկիրը դեռևս լուրջ ներկայություն ունի հարևան Իրաքում, Լիբանանում, և բացի այդ, Իրաք են փախել Ասադի բանակի մնացորդների որոշ մասը, իրենց կցված զենքով և տեխնիկայով։ Եվ, Սիրիայում իրավիճակի ցանկացած փոփոխություն կարող է հնարավորություն տալ Իրանին, այս ուժերը օգտագործելու, և իր ներկայությունը Սիրիա վերադարձնելու համար։ Իսկ ինչպե՞ս կարող են Սիրիայում ընթացող պրոցեսներն ազդել Հայաստանի վրա։ Այստեղ կարելի է հստակ մի բան ասել։ Թուրքիան լուրջ ծրագրեր ունի Սիրիայում։ Եթե նրան հաջողվի իրականացնել դրանք, ապա ինչպես իրենք՝ թուրք պաշտոնյաներն են նշում, Սիրիայից հետո զբաղվելու են Հայաստանի Սյունիքով միջանցք ունենալու հարցով։ Հակառակ դեպքում, եթե Անկարան ընկղմվի տարածաշրջանում, այդ թվում` Սիրիայում չավարտվող կոնֆլիկտների ճահճում, դա կստիպի Թուրքիային միառժամանակ հետին պլան մղել Սյունիքով Հայաստանից միջանցք ստանալու խնդիրը։
Աշոտ Բարեքյան