Ձերբակալված լրագրողների թվով Ադրբեջանը եվրոպական երկրների առաջին հնգյակում է
Ադրբեջանը եվրոպական այն հինգ երկրներից մեկն է, որտեղ ամենաշատ լրագրողներ են ձերբակալվում, նշվել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) տարեկան զեկույցում։ Հետազոտության համաձայն՝ 2024 թվականին ամբողջ աշխարհում ձերբակալվել է 516 լրագրող։ Նախորդ տարիների համեմատ կտրուկ աճ է գրանցվել․ 2023-ին ձերբակալվածների թիվը եղել է 427, 2022-ին՝ 375։ Չինաստանը շարունակում է մնալ լրագրողների ամենամեծ բանտը, որտեղ բանտարկված են 135 լրատվամիջոցների աշխատակիցներ: Դրան հաջորդում են Իսրայելը՝ 59 պաղեստինցի լրագրող, Մյանման՝ 44 լրատվամիջոցների աշխատող։
Ադրբեջանական բանտերում ներկայումս կա 25 լրագրող, մեկ այլ ադրբեջանցի լրագրող՝ Աֆղան Սադիգովը, Բաքվի պահանջով ձերբակալվել է Վրաստանում։ Եվրասիայում լրագրողների թվով Ադրբեջանը Ռուսաստանի (38), Բելառուսի (30), Ուկրաինայի (28) և Թուրքիայի (20) հետ միասին առաջին հնգյակում է։ 2024 թվականին աշխարհում սպանվել են 122 լրագրող և լրատվամիջոցների աշխատակիցներ, որոնցից 14-ը՝ կանայք։ Ֆեդերացիան նախորդ տարին գնահատել է որպես լրագրողների համար ամենամահաբերներից մեկը: Զեկույցի համաձայն՝ Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում սպանվել է 77 լրագրող։ Աֆրիկայում սպանվել է լրատվամիջոցների 10 աշխատակից, Ամերիկայում՝ 9, Եվրոպայում՝ 4։ IFJ-ն կրկնել է Լրագրողների պաշտպանության մասին ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի հրատապ ընդունման անհրաժեշտությունը: