09 Հուն
2025
-1° c ԵՐԵՎԱՆ
-3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիա-Ադրբեջան տանդեմ․ լավ ոստիկան, վատ ոստիկան

Թուրքիա-Ադրբեջան տանդեմ․ լավ ոստիկան, վատ ոստիկան

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը հրապարակել է Գևորգ Գալտակյանի հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության մեջ նկատվող մի երևույթի, որը կոչվում է «լավ ոստիկան, վատ ոստիկան»: Սա հատկապես կիրառվում է հարցաքննությունների ժամանակ՝ մեղադրյալին մոլորեցնելու և նրա վստահությունը շահելով խոստովանություն կորզելու նպատակով: Այսինքն՝ մի կողմից Թուրքիան ցույց է տալիս, թե ցանկանում է, որ Հայաստանը տնտեսական օգուտներ ստանա, իսկ մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է ահաբեկչական հռետորաբանությունը. բնականաբար երկուսն էլ մոլորեցնող են, բայց մարդիկ և հասարակությունները կարիք ունեն լսելու «քաղցր սուտ» և կամա, թե ակամա ազդվում են թեկուզ ոչ իրական «ահաբեկումից»: ՀՀ-ում այս երկուսի խառնուրդի ամենամոլի փոխանցող-քարոզիչները, իհարկե, ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչներն են:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Հայաստան-Թուրքիա սահմանի բացման անհրաժեշտության մասին խոսում են ՀՀ գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ մի մասը դա դիտարկում է որպես տնտեսական զարգացման հնարավորություն, մյուս մասը՝ պետականակործան սպառնալիք, բայց կա առկա իրողություն` սահմանը Թուրքիայի կողմից չի բացվել և չի բացվում (չնայած անգամ մասնակի բացելու հարցում ձեռք բերված որոշ հայտնի պայմանավորվածությունների), իսկ հարաբերությունների կարգավորումը դե ֆակտո առկախված է:

Թուրքիայի կողմից նախապայմանը հստակորեն արտահայտվել է Ռ.Թ.Էրդողանի և Հ.Ֆիդանի կողմից. այն է՝ Հայաստանը պարտավոր է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այդուհանդերձ ռուսալեզու տելեգրամյան ալիքներից մեկում 24.12.2024թ.-ին տեղեկություն էր տարածվել, թե Երևանը և Անկարան, ի վերջո, պայմանավորվել են հաստատել դիվանագիտական հարաբերություններ և փոխադարձաբար բացել դեսպանատներ առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ երկուստեք հասկանալով, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր տեսանելի ապագայում չի նշմարվում: Ըստ նշված տեղեկության՝ գործընթացը կարող է սկսվել արդեն 2025թ. հունվարից և նպատակ կա նաև վերակենդանացնելու Ցյուրիխյան արձանագրությունները:

Վերոնշյալ տեղեկատվությունը, ակնհայտորեն, հնարավոր չէ միանշանակ կերպով արժանահավատ համարել, բայցևայնպես, ադրբեջանական փորձագիտական դաշտից էլ սրա առնչությամբ հետաքրքիր տեսակետ է հնչել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու փոխադարձաբար դեսպանատների բացումը դեռ չի նշանակում սահմանների բացում և չի նշանակում համագործակցություն: Այսինքն՝ ՀՀ-ԹՀ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատումը կարող է ՀՀ-ի դիմադրողականությունը թուլացնելուն միտված հերթական քայլը լինել, որը բնավ չի բխում ՀՀ իրական պետական շահերից:

Եվ հենց այս համագործակցություն բառի մեջ է խնդրի ամբողջ բարդությունը, որն ունի ներքոնշյալ հանգամանքները: Առաջին՝ երբ կողմերի միջև առկա են փոխադարձ շահավետ կամ փոխադարձ վնասակար հարցեր, ապա այստեղ նրանք, իրոք, կարող են տեսականորեն և նաև, ինչու ոչ, գործնականում հեշտորեն գործակցել: Երկրորդ՝ երբ կողմերի միջև առկա են իրար հակասող շահեր կամ պատկերացումներ, բայցևայնպես դրանք համատեղելի են, չնայած ավելի բարդ սցենար լինելուն, նույնպես տեսականորեն անլուծելի խնդիր չեն պարունակում, քանի որ կողմերը տարամետ պատկերացումների մասով կարող են համաձայնվել չհամաձայնվելու շուրջ (agree to disagree) կամ քննարկումներ-բանավեճեր ծավալել, իսկ հակասող շահերի պարագայում՝ մշակել փոխզիջումային տարբերակներ, որոնք գոնե մասամբ ընդունելի են կողմերի համար: Երրորդ՝ երբ կողմերն ունեն անհամատեղելի պատկերացումներ և փոխզիջումների չենթարկվող հակասող շահեր, այս պարագայում արդեն «լավագույն մոդելը», որ առկա է և որի մասին ամենաշատը բացահայտ ու անթաքույց կերպով խոսում է Ի.Ալիևը՝ ուժի գործոնն է, որն էլ, ըստ էության, որոշում է տվյալ հարցում գերակա կողմին: Եվ վերջին՝ չորրրոդ հանգամանքը՝ կան անհամատեղելի և անփոխզիջում հարցեր, որտեղ որևէ կողմ անգամ ուժի և գերակայության միջոցով չի կարող այդ հարցը լուծել: Այս վերջինը, թերևս, ամենահետաքրքրականն է, քանի որ, ամենայն հավանականությամբ, հակամարտությունների հենց ամենատարածված տեսակն է:

Այսինքն՝ խոշոր հաշվով բացարձակ և ամբողջական գործակցություն քաղաքականության մեջ գոյություն ունենալ չի կարող, այլ կան հստակ շարժառիթներ, որոնք միշտ չէ, որ կառավարելի են և բնավ ուղղված չեն այնպիսի վերացական հասկացողության ինչպիսին է «բարի կամքը» (goodwill): Եվ, դժբախտաբար, ինչպես Հայաստան-Ադրբեջան «Խաղաղության պայմանագիրը»՝ հրապարակված հատվածների մասով, այնպես էլ տխրահռչակ Ցյուրիխյան արձանագրությունները ողողված են այնպիսի վերացական դրական ու բարի բառերով, որոնք ստորագրված կամ չստորագրված, ռատիֆիկացված կամ չռատիֆիկացված գրոշի արժեք չունեն հատկապես այն դեպքում, երբ Թուրքիան և Ադրբեջանը իրենց ձեռքում առկա թե՛ ռազմական և աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական բոլոր լծակներն օգտագործում են Հայաստանի դեմ՝ առանց սահմանափակում դնելու կիրառելով թե՛ փափուկ, թե՛ կոշտ ուժի գրեթե ամբողջ գործիքակազմը:

Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը փորձում են մոլորության մեջ գցել և խորամանկ հնարքների միջոցով մի կողմից չափազանցված օգուտի, մյուս կողմից՝ չափազանցված սպառնալիքի միջոցով ՀՀ-ում չարդարացված ակնկալիքներ կամ չարդարացված խուճապ առաջացնել: Ընդ որում՝ որևէ մեկը չի կարող ժխտել, որ Ադրբեջանը, ցանկությունների մակարդակում, անկասկած, ունի հայկական քաղաքակրթությունն ու Հայաստանն ամբողջությամբ ոչնչացնելու երազանք, բայց դա, բարեբախտաբար, վեր է այդ ահաբեկչական և ցեղասպան կազմավորման ունեցած հնարավորություններից (մասնավորապես` Ադրբեջանի պետական մեխանիզմի կողմից դաշտ նետված «Ա.Ա.» քարոզչական խոսույթի մասին կարող եք կարդալ հետևյալ իմ հոդվածում)

Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ «լավ ոստիկան, վատ ոստիկան» խաղում, ամենավտանգավորը հենց «լավ ոստիկանն» է, քանի որ չկա ավելի վտանգավոր թույն, քան «քաղցր սուտը», որը հարկավոր է վերջնականապես ջնջել ՀՀ արտաքին քաղաքական ճաշացանկից, և չմոռանալ գոնե երբեմն, համտեսել «դառը ճշմարտության» նախուտեստը՝ հստակ տարանջատելով «ընկերներին» «չընկերներից», եթե անգամ «աշխարհաքաղաքական ընկերներ» ընդհանրապես չունես ու չես էլ ունեցել: