Իլհամ Ալիև vs. Արարատ Միրզոյան
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը հրապարակել է Գևորգ Գալթակյանի հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում Ի.Ալիևի 07.01.2025թ. (հղում) և Ա.Միրզոյանի 08.01.2025թ. (հղում) Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ կատարած հայտարարությունները: Ստորև կարևորագույն հարցերի վերաբերյալ ներկայացված են մոտեցումները, փաստարկներ և հակափաստարկները (չնայած երկուստեք հայտարարությունները հիմնականում դասական «ագիտպրոպ» են), նաև փաստական գնահատականներ Հարավային Կովկասում առկա և, բնավ, բարելավման միտում չգրանցող հակամարտային վիճակի վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ Ի.Ալիևը և Ա.Միրզոյանը նշված հայտարարություններում մնացել են իրենց բնորոշ ոճի մեջ. Ի.Ալիևը արդեն բազմիցս կրկնվող սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին, իսկ Ա.Միրզոյանը՝ «բարեկիրթ և պետականամետ», նաև ազգային շահերի հաշվին «խաղաղասեր» կերպարի շրջանակներում շարունակել է շփոթել կեղծավորությունն ու քծնանքը դիվանագիտության հետ: Առաջարկում եմ խնդրո առարկա հարցերը դիտարկել առանձին-առանձին.
Սահմանազտում և սահմանագծում: «երկխոսություն-մենախոսություն» բառախաղ Ի.Ալիևի կողմից.
Ընդհանուր առմամբ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման-սահմանագծման հարցը քարոզչական նպատակներով իրարամերժ կերպով է ներկայացվել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: ՀՀ իշխող մեծամասնության կողմից այն ներկայացվել է որպես «Հայաստանը ավելի անվտանգ դարձնելու միջոց և ավելի մեծ կորուստներից խուսափելու համար Ադրբեջանի լեգիտիմ պահանջների կատարում», իսկ Ադրբեջանում՝ «Հայաստանից ուժի սպառնալիքի և ուժի գործոնի միջոցով միակողմանի զիջում կորզելու կարողություն»:
Այս դինամիկան առկա է նաև Ալիևի և Միրզոյանի՝ խնդրո առարկա հրապարակային ելույթներում, որտեղ Տավուշից հայկական վերասկողության տակ գտնվող տարածքները Ադրբեջանին հանձնելը Միրզոյանը ներկայացնում է որպես Հայաստանի անվտանգային համակարգի և սահմանների ամրապնդմանն ուղղված քայլ, իսկ Ալիևը պնդում է, որ Հայաստանը այդ գյուղերը վերադարձրել է կամավոր-պարտադիր սկզբունքով՝ ըստ էության, ռազմական սպառնալիքի տակ:
Այստեղ, իհարկե, հնարավոր չէ չհիշել Ն.Փ.-ի՝ հենց Տավուշում ունեցած այն ճառը, թե «այդ տարածքները Ադրբեջանին չհանձնելը կբերի պատերազմի և էլ ավելի մեծ նորանոր կորուստների»: Հիշեցնեմ, որ, նույն, Ն.Փ-ն նաև պնդում էր, որ ի հակառակ ՀՀ ԳՇ գործող պետի հորդորների՝ ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության այն տարբերակը, որը ենթադրում էր հանձնել Տավուշի մարզի գյուղերը, որը նա ներկայացնում է, որպես Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղեր, նա հակառարկվել է, որ չի ստորագրի այդ տարբերակով եթե անգամ «ձեռքերը կտրվեն»: Ի վերջո, ուղղակի փաստենք Հայաստանի Հանրապետությանը հնարավոր է «շանտաժի ենթարկել», ի թիվս այլոց, նաև պատերազմի սպառնալիքի միջոցով, ինչը ցուցիչ է, որ ՀՀ անվտանգային համակարգն ունի լրջագույն բաց:
Ա.Միրզոյանը հետևյալ կերպ է ներկայացնում ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնումը Ադրբեջանին. «Անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացում: Խոսքս, իհարկե, սահմանազատման գործընթացի մասին է: Մեզ հաջողվեց ստորագրել, ըստ էության, երկու երկրների միջև երբևէ եղած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը՝ երկու սահմանային հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Եվ այնուհետև գետնի վրա տեղի ունեցավ միջպետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատում: … Կա ընկալում, թե որտեղից և ինչպես շարունակել սահմանազատումը»:
Ընդ որում՝ ի սկզբանե մեծագույն «հարց» է եղել, թե արդյոք Ադրբեջանը պատրաստվում է դուրս բերել իր զորքերը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներից, և Ա.Միրզոյանի անորոշ պատասխանը, որը չի հստակեցնում, թե որտեղից է տեղի ունենալու սահմանազատումը, չի բացառվում, որ այստեղ կարող են առկա լինել հերթական միակողմանի զիջման նախադրյալներ:
Հիշեցման կարգով նշեմ, որ ԱՀ ԱԳ նախարար Ջ.Բայրամովը ԹՀ ԱԳ նախարար Հ.Ֆիդանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ գրեթե ուղիղ տեքստով նշել էր, որ ադրբեջանական զինվորների դուրսբերման մասին խոսք լինել չի կարող:
Հայաստանի և Ադրբեջանի անվտանգային ծախսերի հարցը.
Ի.Ալիևը Ադրբեջանի կողմից ռազմական ոլորտում հստակ նախապատրաստություններ և ռազմական կարողության ավելացման իրողությունն արդարացնում է հետևյալ կերպ՝ հերթական անգամ մեղադրելով ՀՀ-ին. «Հայաստանում առկա զինվելու գործընթացը, անշուշտ, նոր սպառնալիքի գործոն է Հարավային Կովկասում… Սրան ի պատասխան Ադրբեջանում անվտանգության և ռազմական ծախսերի համար հատկացվել են 8,4 միլիարդ մանաթ (4,9 միլիարդ ԱՄՆ դոլար): … Ես կարող եմ ասել, որ եթե չլիներ Հայաստանի զինվելու քաղաքականությունը, ապա ռազմական և անվտանգության ծախսերի համար գուցե և 8,4 միլիարդ (4,9 միլիարդ ԱՄՆ դոլար) մանաթի փոխարեն 4 միլիարդ մանաթը (2,3 միլիարդ ԱՄՆ դոլար) բավարար լիներ, եթե մենք նորից դեմ առ դեմ կանգնած չլինեին պոտենցիալ վտանգի առջև»:
Ա.Միրզոյանի պատասխանն այս դեպքում նույնպես օրիգինալ չէր, նա նշում է, որ ՀՀ-ն սպառազինություն է գնում իր տարածքները պաշտպանելու համար և ունի մտավախություն ու մտահոգություն, որ Ադրբեջանը, որը շատ ավելի մեծ քանակությամբ է զենք գնում, կարող է հարձակվել և, ինչպես և արդենիսկ անցյալում խախտել է, հերթական անգամ խախտել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ վերջում հավելելով, որ կառուցողական մոտեցում ցուցաբերելով առաջարկ է արվել Ադրբեջանին՝ ստեղծելու սպառազինությունների վերահսկման մեխանիզմ: Ա.Միրզոյանը, նշելով, որ այս առաջարկն էլ է մնացել անպատասխան Ադրբեջանի կողմից, չի բացահայտում, կամ չի հստակեցնում այն ակնհայտ պատճառը, թե ինչու են ՀՀ առաջարկները այդպես էլ մնում անպատասխան: Առաջարկն ընդունելի լինելու համար պետք է լինեն այնպիսին, որից «հնարավոր չէ հրաժարվել», այսինքն՝ գերշահավետ կամ սարսռազդու, ինչը, հատկապես՝ «Ω» կերպարի շրջանակներում արված լինելով, ասել, որ անգամ ֆանտազիայի ժանրում հնարավոր չէ, կլինի իրավիճակի և Ա.Միրզոյանի անձնական և հատկապես թիմային-ինստիտուցիոնալ կարողությունների գերագնահատում:
Ի պատասխան Ի.Ալիևի հետևյալ վերջնագրային տեքստի. «Հայաստանի զինումը միայն կարող է նոր լարվածության հանգեցնել: Մենք դա չենք ցանկանում, մենք խաղաղություն ենք ցանկանում: Ցանկանում ենք, որ պատերազմի էջը փակվի, սակայն տեսնում ենք, որ թե՛ ինքը՝ Հայաստանը, թե՛ նրա տերերը սա չեն ցանկանում: Նրանք ապրում են ռևանշիստական մտքերով և Հայաստանը, դե ֆակտո, հանդիսանում է սպառնալիքի աղբյուր տարածաշրջանի համար: … Մենք չենք պատրաստվում դիտորդի կարգավիճակով «թամաշա» անել: Հայաստանի զինումը պետք է անմիջապես դադարեցվի: Նրան զենք տվող Ֆրանսիան և այլ երկրները պետք է խզեն, լուծարեն այդ պայմանագրերը: Արդենիսկ Հայաստան ուղարկված զենքերը պետք է հետ վերադարձվեն: Սա մեր պայմանն է: Հիմա սա ով ինչպես ցանկանում է, այդպես էլ թող ընդունի: Ես իմ խոսքն ասում եմ, նրանք էլ գիտեն, նրանց հետևում կանգածներն էլ, որ եթե մենք մի բան ասում ենք, նշանակում է, որ այդ հարցին շատ լուրջ ենք մոտենում»՝ Ա.Միրզոյանը, նշել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 200 քկմ զբաղեցված է Ադրբեջանի կողմից, հայտարարել է, որ անգամ այդ տարածքները ռազմական ճանապարհով հետ չեն բերվելու և որ ՀՀ-ն շարունակելու է սպառազինություն գնել բացառապես պաշտպանական նպատակներով և չի պատրաստվում հետ վերադարձնել արդենիսկ ստացած զենքը:
Այստեղ ուղղակի արդեն ակնհայտ է դառնում, որ Ալիև-Միրզոյան զույգը խաղում է պասերով, և եթե անգամ առկա չեն անհերքելի փաստեր նրանց ուղիղ կապի և համաձայնության մասին, կարելի է սա որակել որպես ներքին համաձայնություն:
Հայաստան, թե՞ Ադրբեջան: Փոխադարձ մեղադրանքներ` ո՞րն է ֆաշիստական պետություն:
Ի.Ալիևի կողմից հերթական որակում-մեղադրանք-սպառնալիքը հնչեց. «Անկախ Հայաստան պետությունը, ըստ էության, ֆաշիստական երկիր է, քանի որ 30 տարի այդ երկիրը ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, նրանք էլ այդ երկիրը իրենց պես են ձևավորել: … Մեր դեմ 30 տարի իրականացված բռնազավթման քաղաքականությունը միայն Հայաստանի ձեռքի գործը չէ, նրա հետ համագործակցող իսլամաֆոբ, ադրբեջանաֆոբ, ազգայնամոլ, քսենոֆոբ կառույցների, օտար երկրների ներկայացուցիչների միասնական ձեռքի գործն է: Այսպիսի ֆաշիստ պետության հետ հարևան ենք, և ֆաշիզմի վտանգը չի վերանում: Այդ պատճառով էլ ֆաշիզմը պետք է ոչնչացվի: Սա կամ Հայաստանի ղեկավարությունը կոչնչացնի կամ մենք կոչնչացնենք: Մենք այլ տարբերակ չունենք: … Հայաստանի առաջին երեք ղեկավարները ֆաշիստական գաղափարախոսության կրողներ են: Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հիմա իրենից ցանկանում է «խաղաղության աղավնի» ձևացնել, բայց նայեք 2018-2019թթ. նրա ելույթները: … Սրա կրողներն են ոչ միայն Հայաստանի ընդդիմությունը, այլև՝ իշխանությունը»:
Ի պատասխան վերոնշյալին Ա.Միրզոյանը հետևյալ անհամաչափ պատասխանն է տվել, բայց իր ոճի մեջ, ոչ թե դիմացինի դեմքին նայելով և ուղիղ, այլ միայն ակնարկներով Ադրբեջանը անվանելով ֆաշիստական երկիր. «Իհարկե, գայթակղություն շատ մեծ է, անմիջապես հակադարձել, բերել անհերքելի, հրապարակային, բարձր մակարդակով արված հայտարարություններ, որոնք վկայությունն են նրա, որ, ճիշտ, Ադրբեջանում կա ֆաշիստական վերաբերմունք, խրախուսվող ֆաշիստական վերաբերմունք հայերի, հայության նկատմամբ, բայց ես զերծ կմնամ այդ գայթակղությունից, կփորձեմ ինձ տիրապետել»:
Ա.Միրզոյանը ալիևյան ձևակերպումները հստակորեն բնորոշում է որպես սադրիչ հայտարարություն, որին պետք չէ տրվել, ունենալ և զարգացնել ամուր նյարդեր և չշեղվել «խաղաղության օրակարգից», եթե անգամ դիմացինը չի կիսում այդ մոտեցումները, քանի որ «իրար վրա կրակելը» ընդհանրապես նախապատվելի տարբերակ չէ: Հավելելով, որ Ադրբեջանից տարաբնույթ սպառնալիքների պակաս երբեք էլ չի նկատվել՝ Ա.Միրզոյանը խորհուրդ-կոչ է հնչեցրել Հայաստանի հանրությանը՝ «գտնվել շրջահայաց և աշխատել, այո՛, այդպիսի հարևանի հետ»:
Հայաստան-Ադրբեջան «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ալիևյան նախապայմաններ.
Ի.Ալիևը անթաքույց ներկայացրել է, թե ինչու չի կնքվել և մոտ ժամանակներս չի էլ կնքվելու ՀՀ ներքաղաքական դաշտում առավելագույն մանիպուլյացիաների առարկա դարձած «Խաղաղության պայմանագիրը», մասնավորապես հայտարարելով հետևյալը. «Հույս ունեմ, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր բոլոր պայմանները կընդունվեն, քանի որ այդ պայմանների մեջ որևէ առանձնահատուկ խնդիր չկա. Մինսկի խմբի լուծարում և Սահմանադրության փոփոխություն՝ առանց սրա խաղաղության պայմանագիր հնարավոր չէ: Եթե Հայաստանին պետք չէ խաղաղության պայմանագիր, ապա մեզ էլ պետք չէ: Մենք կարող ենք ապրել և մեր քաղաքականությունն իրականացնել և առանց դրա: Այսինքն՝ ես Հայաստանի կողմին խորհուրդ կտայի ամեն բան լավ «գցել բռնել», այդ թվում՝ աշխարհում առկա աշխարհաքաղաքական փոփոխությունները»:
Թերևս ինքնահակասություններով լի Ի.Ալիևի խոսքի ստորև ներկայացվող հատվածը անգամ մեկնաբանության կամ վերլուծության կարիք չունի, քանի որ ստի «դոզան» անցնում է բոլոր սահմանները, իսկ հնչեցվող սպառնալիքները միայն խոսում են այն մասին, որ ՀՀ-ն այլընտրանք չունի, քան իր անվտանգային գոյաբանական այս սպառնալիքը վերջնականապես և հիմնովին լուծելու ճանապարհներ փնտրել և գտնել:
Ահա, իրեն Հարավային Կովկասի «միակ տղամարդը» համարող Ադրբեջանի ղեկավարի, ըստ էության, հիմնական ուղերձը. «Ադրբեջանը Հայաստանի համար վտանգի աղբյուր չէ: Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասում լինի խաղաղություն, համագործակցություն և նրանք մեզ համար խոչընդոտ չլինեն. Թուրքիայի և Ադրբեջանի միջև աշխարհագրական խոչընդոտի գործառույթ չիրականացնեն: Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և բացվելու է: Նրանք ինչքան շուտ սա հասկանան, այնքան ավելի լավ: Մենք չենք կարող այս իրավիճակում մնալ: Մենք ինչո՞ւ պետք է Ադրբեջանի անքակտելի մաս հանդիսացող Նախիջևան գնանք տարբեր, այլ ճանապարհներով: Մենք պետք է անմիջական կապ ունենանք և այդ կապը Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում: Միայն պետք է իրականացնել 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության կետերը: Այնտեղ ամեն բան պարզ ու հստակ ներկայացված է: Մենք 4 տարուց ավելի է համբերում ենք: 4 տարուց ավելի ցանկանում ենք, որ լուծվի բանակցությունների ճանապարհով: Մենք ինչքա՞ն պետք է սպասենք, և ինչո՞ւ պետք է սպասենք: Այսինքն՝ նրանք պետք է այս ամենը հաշվի առնեն: Ես մի անգամ ասել եմ` նրանք թող մեզ չնյարդայնացնեն և հասկանան, որ այստեղ «ասիչը» [թելադրողը] մենք ենք և Հարավային Կովկասում Ադրբեջանը առաջանցիկ տնտեսություն է, առաջանցիկ ուժ և առաջանցիկ պետություն: Այսօրվա աշխարհում ուժի գործոնն առաջին տեղում է»:
Ա.Միրզոյանը, ի հակադրություն վերոգրյալ հոխորտանքի, պարզապես ինքնախոստովանում է և զուգահեռ ահաբեկում ՀՀ հասարակությանը, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է և մենք այլ տարբերակ չունենք քան գնալ խաղաղության ճանապարհով:
Ա.Միրզոյանը, չնայած այս ամենին, հերթական անհիմն լավատեսությունն է հայտնել «Խաղաղության պայմանագիր» կնքելու և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որի նպատակը միայն կարող է լինել ներքաղաքական դիվիդենտներ շահելը՝ նշելով. «17 կետից 15-ը համաձայնեցված է … Ապաշրջափակման մասին ՀՀ առաջարկ է եղել, որը նախևառաջ վերաբերել է Երևան-Բաքու (Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիս) երկաթուղու ապաշրջափակմանը և բեռների տարանցմանը: Այստեղ մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ: Կրկնում եմ առաջնային արձագանքը ադրբեջանական կողմի դրական տպավորություն թողեց: Մնացածը կտեսնենք»:
Ադրբեջանի և նաև Թուրքիայի՝ «Զանեզուրի միջանցք» գաղափարին ՀՀ-ն ի սկզբանե հակադրել է «Խաղաղության խաչմերուկի» կոնցեպտը, որին ի հավելումն Ա.Միրզոյանը նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում «սեպ» կամ «պատնեշ» լինել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, ավելին՝ լինել «կամուրջ» կամ «կապող օղակ»՝ հավելելով. «ՀՀ-ի համար անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» կոնցեպտը, և եթե ամբողջությամբ հարգվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնշխանությունը ենթակառուցվածքների նկատմամբ՝ բոլոր բաղադրիչներով, այդ թվում և անմիջական անվտանգության ապահովման բաղադրիչով, ապա մենք ոչ միայն դեմ չենք, այլև շահագրիգիռ ենք տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածնքերի օր առաջ շահագործմամբ կամ վերաշահագործմամբ»:
2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությանն անդրադառնալով` Ա.Միրզոյանը հեգնել է բոլոր նրանց, այդ թվում՝ Է.Մարուքյանին, ովքեր այդ փաստաթղթի կիրառման անհրաժեշտության մասին են խոսում՝ ենթատեքստով հասկացնելով, որ դա ժամանակավրեպ է և չի համապատասխանում գոյություն ունեցող իրողություններին և ՀՀ պետական շահին:
ՀՀ անվտանգային համակարգի կախվածությունը ՌԴ-ից և ԵՄ-ից.
Ի պատասխան Ի.Ալիևի կողմից ՀՀ անվտանգությանը սպառնացող ռազմական սպառնալինքերին` Ա.Միրզոյանը հակակշռել է ՌԴ-ի և ԵՄ-ի հետ գործակցության առկայությամբ: ՌԴ-ի հետ անվտանգային գործակցության մասին նշել է, որ ՀՀ-ից ՌԴ ԱԴԾ ՍԶ-ն և ՌԴ ՊՆ 102. ռազմական բազայի դուրսբերման հարց չկա՝ պայմանավորված Թուրքիայի հարցերով, իսկ ԵՄ դիտորդների մասին էլ Ադրբեջանի հետ առկա խնդիրներով պայմանավորված պարզաբանել. «Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակվում է տեղակայված մնալ ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը կարևոր գործոն է, հատկապես, այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում մենք ապրում ենք և որին մենք ականատես ենք լինում: Մեր համոզմունքն է, որ քանի դեռ ՀՀ-ն չունի սահմանազատված սահմաններ կամ այն հատվածներում, որտեղ ՀՀ-ն չունի սահմանազատված սահմաններ Ադրբեջանի հետ, և քանի դեռ լինում են այսպիսի շինծու մեղադրանքներ Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու կամ խաղաղությունը խախտելու վերաբերյալ, ինչին ականատես եղանք բառացիորեն օրեր առաջ: Այս պայմաններում մենք շարունակելու ենք կարիք ունենալ ԵՄ քաղաքացիական առաքելության և համարում ենք նրանց ներկայությունը պահանջված»:
Այս մասով էլ, փաստացի, Ա.Միրզոյանն ընդունում է, որ ՀՀ-ն իր ներկայիս հնարավորություններով չի կարող դիմակայել Ադրբեջանին և կարիք ունի միջազգային գործընկերների հետ անվտանգային ոլորտում համագործակցությունը շարունակելու և, ինչու ոչ, հատկապես՝ Արևմուտքի հետ հնարավորինս խորացնելու՝ միտում ունենալով ի վերջո նախ դուրս բերել ՌԴ ԱԴԾ սահմանապահներին և ՌԴ ՊՆ 102. Ռազմաբազան, բայց դա հնարավոր համարելով միայն հստակ անվտանգային երաշխիքների առկայությամբ: Ընդ որում նա նշում է, որ չի ցանկանում, որ ԵՄ-ն դառնա ՌԴ անվտանգային հովանոցի «երկրորդ սերիան» և ի վերջո ՀՀ-ն պետք է կարողանա ինքն իր անվտանգությունն ապահովել, սա արդեն ցույց է տալիս, որ գոնե այս հարցում Ի.Ալիևն է ճիշտ և որ, իրոք, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կտրված է աշխարհաքաղաքական իրողություններից՝ չնայած ի պաշտոնե տիրապետում է բավական էքսկլյուզիվ տեղեկատվությունների:
Ի վերջո, անձնապես անսահման քննադատելով ՆՓ-ի և Ա.Միրզոյանի մոտեցումներն ու նրանց գործողությունները և եթե ոչ հենց ամբողջությամբ, բայց հաստատ մեծամասամբ որակելով դրանք որպես թե՛ ազգային, թե՛ պետական դավաճանություն, կարծում եմ մի հարց կա, որի շուրջ միանշանակ պետք է ներհայաստանյան և ներհայկական կոնսենսուս ձևավորված լինի՝ առանց մտնելու անգամ ներքին և արտաքին թշնամիների դիսկուրսի մեջ, այն է՝ Հայաստանի և Արցախի Հանրապետության, նրա քաղաքացիների և հավաքական հայ ազգի դեմ Ի.Ալիևի կողմից իրականացրած, իրականացվող և «իրականացվելիք» հանցագործությունների համար նրա անպատիժ մնացած յուրաքանչյուր օր խարան է յուրաքանչյուր հայի ինքնասիրության վրա:
Վերոգրյալով հանդերձ՝ Ա.Միրզոյանը և Ի.Ալիևը ունեն գոնե մեկ ընդհանրություն, երկուսն էլ արտահայտում են այն միտքը, թե հայը կարող է ապրել ներկայիս Ադրբեջանում: Սա արդեն մահացու մեղք է… որի պարագայում, արդեն լինի դա թշնամի, թե բարեկամ, ո՛չ զեկույցներ կամ հոդվածներ կարդալը, ո՛չ էլ նեյրոլեպտիկ դեղերը, ո՛չ էլ անգամ ապաշխարությունը չեն փրկում…