Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը ոսկե հնարավորություն Թրամփի համար․ WSJ
Ուկրաինայում պատերազմը լուծելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա խաղաղության հնարավորություն, որը պահանջում է շատ ավելի քիչ ջանքեր, սակայն զգալի օգուտներ կբերի՝ վերջ տալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակվող թշնամությանը, գրել է The Wall Street Journal-ը։
Ինչպես նշվել է, երկու պատմական թշնամիները վերջին մեկ տարվա ընթացքում հանգիստ բանակցություններ են վարել և բեկման եզրին են: Այս հակամարտության լուծումը, որը միայն 2023 թվականին հանգեցրել է երկու պատերազմների և դարձել Արցախից ավելի քան 100,000 հայերի տեղահանման պատճառ, մոտ է: Անհրաժեշտ է միայն մի փոքր դրդիչ ուժ, որը կարող է ապահովել Վաշինգտոնը:
«Հիմքի զգալի մասն արդեն իսկ դրվել է Բայդենի վարչակազմի կողմից, որն աջակցել է Հայաստանին Ռուսաստանի տիրապետությունից հեռանաու հարցում և խրախուսել Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները: Նա նաև փորձել է ստիպել Ադրբեջանին, որը, ռազմական առումով, երկուսից ավելի ուժեղն է, ընդունելու Հայաստանի առաջարկությունները խաղաղության համար», – նշվել է հոդվածում։
Հավելվել է, որ Թրամփը կարող է գալ և փակել գործարքը։ Նոր նախագահը կարող է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել Սպիտակ տուն՝ պատմական համաձայնության։ Առանց ԱՄՆ-ի բարձր մակարդակի ներգրավվածության՝ բանակցությունները կարող են կանգ առնել՝ տարածք թողնելով Ադրբեջանին՝ շարունակելու իր ռազմական սպառնալիքները Հայաստանի կամ Ռուսաստանի դեմ՝ տարածաշրջանում իր ազդեցությունը վերահաստատելու համար: Թրամփի անձնական ներգրավվածությունը կարող է ապահովել գործարքը, որը վերջ կդնի տասնամյակների թշնամությանը մի տարածաշրջանում, որտեղ երկար ժամանակ գերիշխում է ռուսական միջամտությունը: «Հարավային Կովկասում խաղաղությունն օգուտ կբերի ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝ օգնելով հետխորհրդային հանրապետություններին վերականգնել տնտեսական ինքնիշխանությունը և զսպել նեոիմպերիալիստական Ռուսաստանին: Խաղաղության պայմանագիրը կարող է ընդլայնել մուտքը դեպի Միջին միջանցք՝ կարևոր առևտրային ուղի, որը կապում է եվրոպական շուկաները Կենտրոնական Ասիայի ռեսուրսներին՝ բացելով զարգացման, առևտրային և էներգետիկ համագործակցության հնարավորությունները», – գրել է պարբերականը: Ընդգծվել է, որ Թրամփի անձնական շփումը կարող է նաև բարելավել հարաբերությունները դժվար դաշնակցի՝ Թուրքիայի հետ։ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ բուռն էին, բայց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, և նա խոստացել է բացել Հայաստանի հետ սահմանը և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, երբ դա տեղի ունենա։
Երկարամյա թշնամու հետ խաղաղության ձգտումը հեշտ չէ Հայաստանի համար, որը կրում է 1915 թվականի ցեղասպանության և 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմի սպիները։ Սակայն հարևանների հետ խաղաղությունը Հայաստանի համար գոյատևման խնդիր է։ Խաղաղության խթանումը կարող է նաև ներքաղաքական օգուտներ ունենալ Թրամփի համար: Թրամփը պետք է օգտագործի այս հնարավորությունը և իր պաշտոնավարման առաջին շաբաթվա ընթացքում զանգահարի երկու առաջնորդներին, եզրափակել է WSJ-ն: