ՀՀ-ի հակազդեցությունն ադրբեջանական ագրեսիային այնքան կարևոր չի լինի Արևմուտքի համար, որքան Ուկրաինայի պայքարը ՌԴ-ի դեմ. ռուսական մամուլ
Հայաստանին սպառնում է էներգիայի և պարենային ապրանքների գների աճ, գործազրկություն և արտահանման եկամուտների անկում: Դա անխուսափելիորեն տեղի կունենա, եթե երկիրը որոշի անդամակցել Եվրամիությանը, և, հետևաբար, հրաժարվել Ռուսաստանի հետ եվրասիական ինտեգրացիոն կառույցների շրջանակներում համագործակցությունից, գրում է Взгляд–ը:
Ռուս փորձագետները պնդում են, որ եթե Հայաստանում սահմանափակվեն ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունները, մի կողմից կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80%-ով, ինչը հավասարազոր է կամավոր տնտեսական ինքնասպանության:
Խնդիրներ կարող են լինել նաև այլ երկրների հետ, օրինակ՝ Իրանի հետ։ Սակայն, ինչպես նշվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չի մտահոգում ԵԱՏՄ–ից դուրս գալու տնտեսական ռիսկերը: Նրա նպատակն է քաղաքականապես տարանջատել Հայաստանը Ռուսաստանից։
Այն, որ Եվրամիությունը չի կարողանում արդյունավետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին Ադրբեջանի ճնշումների պայմաններում, Փաշինյանի համար այդքան էլ էական չէ։ Գլխավորն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուց հետո Հայաստանն այլ ելք չի ունենա, քան արագորեն մոտենալ ԵՄ–ին։ Ըստ հոդվածի՝ թերևս Փաշինյանը հույս ունի, որ Ուկրաինայի նույն տրամաբանությունը կգործի Հայաստանում։
Բայց մեծ մտավախություններ կան, որ Հայաստանի հակազդեցությունն ադրբեջանական ագրեսիային այնքան կարևոր չի լինի Արևմուտքի համար, որքան Ուկրաինայի պայքարը Ռուսաստանի դեմ։ Բայց առայժմ Հայաստանի քաղաքական իրավիճակի վատթարացումը թույլ է տալիս Փաշինյանին առաջ տանել ԵՄ–ի հետ մերձեցումն արագացնելու գրեթե ցանկացած միջոց։ Եվ, կարծես թե, նա կասկած չունի, որ ստեղծված պայմաններում մարդիկ հանրաքվեին քվեարկելու են ԵՄ–ին անդամակցելու օգտին։ Փորձագետ Արթուր Ավակովը Московский Комсомолец–ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ–ի՝ ԵՄ–ին միանալու համար անհրաժեշտ է Բրյուսելի քաղաքական կամքը, ինչը դեռևս բացակայում է: «Հայաստանն, առաջին հերթին, ԵՄ–ից անվտանգության երաշխիքներ է ակնկալում: Իհարկե, նման բաների համար սովորաբար թակում են ՆԱՏՕ–ի դուռը, բայց հետո պետք է վիճեն Իրանի ու Ռուսաստանի հետ, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն բարելավվի։ Մենք այժմ ականատեսն ենք, թե ինչպես է Երևանը փորձում գրավել Արևմուտքի ուշադրությունը իր խնդիրների վրա»,- կարծում է փորձագետը: