14 Հուն
2025
-0.6° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տղաներիս շիրիմը Մարտունիում է մնացել, Ազնավուր Սաղյանի շիրմաքարից Մարտունու ու  տղաներիս կարոտն եմ առնում

Տղաներիս շիրիմը Մարտունիում է մնացել, Ազնավուր Սաղյանի շիրմաքարից Մարտունու ու  տղաներիս կարոտն եմ առնում

2020 թվականի 44-օրյա պատերազմը չավարտվեց 44 օրում։ Այդ պատերազմով անցած ու ողջ մնացածները՝ թիկունքում ու խրամատում, մինչև օրս մարտերի մեջ են․ մեկը երազում փրկում է ադրբեջանական սահմանին մնացած ընկերոջ մարմինը, մեկը՝ իրենց տան պահարանում մնացած մանկությունը՝ նկարների տեսքով, իսկ երրորդը վերջնական որոշում էր՝ դուրս չի գալու դիրքից։ Սովորական կյա՞նք, թե՞ մղձավանջ, բարդ է որակում տալ, անհատներն իրենց հոգեվիճակին հարմար անուն են դնում։

Արթուր ու Արսեն Աղասյանների մայրը՝ Մարգարիտա Աղասյանը, արթուն է «մարտի» մեջ։ Վարձով տան տարբեր պահարաններից տղաների բույրն է առնում․ զինվորական կոստյումը, գրիչը, կապի միջոցը։

Տունը փոքրիկ թանգարան է դարձել։ Դռնից ներս մտնելիս նրանց ժպիտով նկարներն են բարևում, հետո տան մյուս անդամները։

«Երբ ինչ-որ գործով եմ զբաղվում, պահի տակ մոռանում եմ տղաներիս կորստի մասին, գիտեմ՝ ուր որ է տուն կհասնեն ընկերների հետ հանդիպումից հետո։ Սթափվելով՝ նորից նույն ցավն եմ ապրում։ Տղաներիս կարոտը Արցախում շիրմաքարերին այցի գնալով էի փարատում։ Բռնագաղթից հետո երկար ժամանակ ուշքի չէի գալիս, տղաներիս շիրիմը, մի ամբողջ կյանք Արցախում թողեցինք»․- պատմում է տղաների մայրը։

Երբ հարազատիդ երկար ժամանակ չես տեսնում, որոշում ես այցելել, զանգել կամ գրել։ Զոհված տղաների մայրերը, հարազատները նրանց կարոտը նկարներ համբուրելով են առնում, շիրմաքարերի նկարները․․․ Այսօր Արցախում հուղարկավորված տղաների ծնողները դրանից էլ են զրկված։ «Ու՞ր գնալ, ու՞մ այցելել» հարցերը անընդհատ տանջում են, մինչև չեն հասնում գիտակցման՝ «բոլորն էլ իրենց տղաներն են, որ զոհվեցին նույն երազանքի, գազափարի համար»։

«Երբ ծաղիկներ առած Եռաբլուր եմ բարձրանում, հարցնում են՝ ու՞մ ես այցելում, ասում եմ՝ բոլորն էլ իմ տղաներն են։ Հերթով ծաղիկներ եմ դնում լուսավորների քարերին, նրանց հետ զրուցում, իմ տղաներից՝ Արթուրից ու Արսենից, պատմում ու շարունակում «պտույտս»։ Վերջում նստում եմ մեր Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի շիրմաքարի մոտ։ Նրան տղաներիս մասին պատմելու կարիք չեմ ունենում, լավ է ճանաչում։ Մարտունուց ենք խոսում, այնքան եմ թեթևանում․․․»։

Շիրմաքարերի հետ զրուցելով՝ թեթևանալ սովորեց զոհվածի մայրը, երազում հանդիպելով՝ ուրախանալ, իսկ իրենց սիրելի ուտելիքների հոտով նրանց հետ ճաշելու պահերը մտապահել։ Օրինակ՝ Արսենն ու Արթուրը լոլիկով ձվածեղ էին սիրում, ավելի ճիշտ՝ դա Արթուրի սիրելի ուտելիքն էր, նաև տապակած կարտոֆիլ էր սիրում, իսկ Արսենը՝ տոլմա։

«Տղաներիս զոհվելուց հետո երկար ժամանակ նրանց սիրելի ուտելիքները չէի պատրաստում։ Մի քիչ վերականգնվելուց հետո խղճացի մյուս տղայիս ու աղջկաս։ Նրանք էլ չէին համաձարկվում Արսենի ու Արթուրի սիրելի ուտելիքները ուտել անգամ բարեկամի տանը։ Հիմա ուժեղ եմ, տոլմա էլ եմ պատրաստում, լոլիկով ձվածեղ էլ, կարտոֆիլ էլ»։

Դուք երբևէ մտածել եք, որ մարդիկ հաց պատրաստելիս էլ են ցավ ապրում, ոչ թե որ համեղ չի ստացվել, աղ/պղպեղը շատ կամ քիչ են լցրել, այլ որ այդ ուտելիքները ամենաշատը սիրողները չեն ուտելու, որովհետև տանը չեն և չեն էլ գալու։

Մարգարիտան ու իր պես հազարավոր կանայք կյանքը սիրում էին իրենց տղաների հետ, տղաներով։ Հիմա ապրելու համար նրանից մեկը որոշում է երեխա ունենալ, մեկը՝ ներկել սպիտակի մեջ թաղված մազերը, մյուսը՝ «ուժեղ» լինել ու շատ հաճախ չլացել։

Մեր շարքերում սևազգեստները շատանում են, տղաները՝ պակասում։ Մեր շարքերում սևազգեստների նկատմամբ հարգանքը, սերը պակասու՞մ է, թե՞ այդպես միայն թվում է։

Մեր շարքերը նոսրանում են։

«Արցախի զինվորական պանթեոն, Եռաբլուր տեղափոխված տղաները շատ երազանքներ ունեին ինչպես իմ տղաները։ Նրանք պայքարել են Արցախ-Հայաստանի համար, նրանք պայքարել են Սփյուռքի համար, մեր հայ լինելը պահելու համար։ Հայ երիտասարդ, քեզ համար են պայքարել, շարունակիր իրենց գործը»։