15 Հուն
2025
-0.8° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կորեայի նախագահին ձերբակալել են

Հարավային Կորեայի նախագահին ձերբակալել են

Հարավային Կորեայում երկրորդ փորձից հաջողվել է ձերբակալել երկրի նախագահ Յուն Սոկ Յոլին, ում խորհրդարանը դեկտեմբերին իմփիչմենտ էր հայտարարել՝ ռազմական դրություն մտցնելու փորձի համար: Նախագահը հայտարարել է, որ ինքնակամ համաձայնել է ներկայանալ հարցաքննության:

Սա աննախադեպ է Հարավային Կորեայի պատմության մեջ․ առաջին անգամ ձերբակալվում է գործող, թեև լիազորություններից ժամանակավորապես զրկված, նախագահ:

Երկարաժամկետ դիմադրությունից հետո, իրավապահներին հաջողվել է Յունին տեղափոխել Կոռուպցիայի քննության բյուրո՝ հարցաքննության:

Հարցաքննությունից առաջ Յուն Սոկ Յոլը հրապարակել է կարճ տեսաուղերձ, որտեղ նշել է, որ իր ձերբակալությունն ապօրինի է, սակայն որոշել է համագործակցել, որպեսզի խուսափի արյունահեղությունից.

«Թեև այս գործը ապօրինի է, ես որոշեցի ներկայանալ Կոռուպցիայի քննության բյուրո, որպեսզի կանխեմ ավելորդ արյունահեղությունը: Բայց դա չի նշանակում, որ ես համաձայն եմ նրանց կողմից գործի բացման հետ»,- ասել է նա:

Յունը նաև ընդգծել է, որ երկրում խախտվում է իրավունքի գերակայության սկզբունքը, և թե՛ գործի քննության մեջ ներգրավված մարմինները, թե՛ դատարանը, որը տրամադրել է ձերբակալման հրամանը, գործելու իրավունք չեն ունեցել: