ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը չի ենթադրում ամերիկյան բանակի անմիջական միջամտություն հնարավոր հակամարտությանը. Известия
Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը պետք է դիտարկել որպես Հարավային Կովկասում ամրապնդվելու ԱՄՆ-ի փորձ, վստահ են «Известия»-ի հետ զրուցած փորձագետները։ Ինչպես նշվել է, Սպիտակ տունը դադարեցրել է իր գործընկերությունը Վրաստանի հետ, ուստի՝ Հայաստանը կլինի միակ երկիրը տարածաշրջանում, որի հետ ԱՄՆ-ն նման համաձայնագիր կունենա։
Ամերիկացիները երկրին չեն տրամադրի անվտանգության նույն երաշխիքները, ինչ տալիս են Իսրայելին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի հետ մերձեցումն այս կամ այն կերպ կազդի Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը դեռևս մնում է ՀԱՊԿ անդամ։ Փաստաթղթի հիմնական կետը վերաբերում է ռազմական համագործակցությանը։ Ակնկալվում է, որ ամերիկյան կողմը պարտավորվելու է աջակցել պաշտպանական համակարգերի արդիականացմանը, զորավարժությունների կազմակերպմանը և «Երևանին ավելի ուժեղ գործիքներ տրամադրել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»: Ըստ հոդվածի՝ Հայաստանի հետ համաձայնագիր կնքելու ԱՄՆ շահագրգռվածությունը, ըստ ամենայնի, պայմանավորված է Հարավային Կովկասում Բայդենի վարչակազմի կուրսի արդյունքներն ամփոփելու ցանկությամբ։
Արդյոք Սպիտակ տան նոր վարչակազմը կշարունակի՞ այս գիծը, դեռ բաց հարց է, Известия-ի հետ զրույցում նշել է փորձագետ Դմիտրի Սիդորովը։ Հավելվել է, որ նոր համաձայնագիրն ավելի շատ քաղաքական բնույթ ունի. Վաշինգտոնը մտադիր չէ որևէ լուրջ պարտավորություն ստանձնել Երևանի հանդեպ։ Այն ենթադրում է, որ Հայաստանը ռազմական և տնտեսական բարեփոխումներում օգնություն կստանա ԱՄՆ-ից, սակայն դա չի նշանակում ամերիկյան բանակի անմիջական միջամտություն հնարավոր հակամարտությանը։ Այսինքն՝ փաստաթուղթը չի ենթադրում Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրել նույն մակարդակի, ինչ կան, օրինակ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի կամ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի միջև։ Ռուսաստանում, սակայն, զգուշանում են Հայաստանի իշխանությունների գործողություններից։ Հայաստանի՝ որպես Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր դառնալը մտահոգություններ է առաջացնում Հարավային Կովկասում տարածաշրջանային դինամիկայի առումով: «Այս գործընկերությունը կապված է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քայլերի հետ, թեև Կրեմլը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանն ունի ինքնիշխան իրավունք զարգացնելու հարաբերությունները ցանկացած երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։ Սակայն մտահոգությունները, որ փաստաթղթի ստորագրումը զգալիորեն կսառեցնի հարաբերությունները Մոսկվայի հետ, լիովին արդարացված են», – գրել է կայքը:
«Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանը Մոսկվայից հեռացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուրսի շարունակությունն է»,- նշել է Դմիտրի Սիդորովը։ Պետք է ակնկալել, որ Երևանը կշարունակի շարժվել դեպի եվրաատլանտյան կառույցներ՝ ի վնաս եվրասիական բազմակողմ նախագծերի։ Քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը նույնպես ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Երևանի կարևորագույն տնտեսական գործընկերն է։ «Չպետք է խուճապի մատնվենք կամ տրվենք սադրանքների»,- նշել է փորձագետը՝ հավելելով, ոչ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանով, առաջին հերթին՝ ռազմաստրատեգիական հարցերով։ Սակայն ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրումը կարող է դիտվել նաև որպես Փաշինյանի ցանկություն՝ ցույց տալու Հայաստանի բնակչությանը, որ առաջընթաց է գրանցում իր ընտրած երկրի զարգացման ճանապարհով, կարծում է Դմիտրի Սիդորովը։