Իսրայելի վարչապետի գրասենյակը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը վերջին պահին հետ է կանգնել զինադադարի մասին որոշ պայմանավորվածություններից
ՀԱՄԱՍ–ը հետ է կանգնել որոշ պայմանավորվածություններից և վերջին պահին «ճգնաժամ» է ստեղծում պատանդների ազատ արձակման գործարքը վերջնականացնելու հարցում․ հայտնում է The Times of Israel–ը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին։
«ՀԱՄԱՍ–ը հրաժարվում է փոխըմբռնումից և վերջին րոպեին ճգնաժամ է ստեղծում, որը խանգարում է համաձայնությանը։ Իսրայելի նախարարների կաբինետը չի հավաքվի այնքան ժամանակ, քանի դեռ միջնորդները չեն տեղեկացրել Իսրայելին, որ ՀԱՄԱՍ–ն ընդունել է համաձայնագրի բոլոր կետերը»,- ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:
Գիշերը Կատարի վարչապետը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է պնդել, որ վերջնական գործարքը կնքված չէ, և որոշ հարցեր դեռևս համաձայնեցված չեն։