ՀԱՄԱՍ–ի հետ գործարքի առաջին փուլում Իսրայելն ազատ կարձակի 2000 պաղեստինցու
Հունվարի 16-ին Դոհայում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև ստորագրված համաձայնագրի առաջին փուլով նախատեսվում է 33 իսրայելցի գերիների ազատ արձակում՝ 2000 պաղեստինցի գերիների դիմաց. հայտնում է The Jerusalem Post-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ գործարքի առաջին փուլը կտևի 42 օր, իսկ համաձայնագրի իրականացումը կսկսվի ստորագրումից երկու-երեք օր հետո։ Սկզբում ազատ կարձակվեն 33 պատանդները՝ կանայք և երեխաներ, հետո կին զինվորականեր, հետո 50-ն անց տղամարդիկ և երիտասարդներ, որոնք բնորոշվում են որպես «մարդասիրական դեպքեր»։
Փոխարենը Իսրայելն ազատ կարձակի իր բանտերում պահվող 2000 դատապարտված պաղեստինցիների, այդ թվում՝ մոտ հազար մարդու, որոնք կալանավորված են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո։ Փոխանակման համար հաստատված պաղեստինցի բանտարկյալներից մոտ 250-ը ցմահ դատապարտյալներ են։ Սակայն գործարքի շրջանակներում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը անմիջականորեն մասնակցած զինյալներից ոչ ոք ազատ չի արձակվի, նշում է թերթը։