17 Հուն
2025
-0.9° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանը կոչ է արել միահամուռ աջակցել հայ քաղբանտարկյալներին Բաքվում

Սամվել Կարապետյանը կոչ է արել միահամուռ աջակցել հայ քաղբանտարկյալներին Բաքվում

«Տաշիր» ընկերությունների խմբի եւ Հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը կոչ է արել միավորել ջանքերը՝ ի պաշտպանություն Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների։

«Այսօր Բաքվում սկսվում է անցյալ տարվա սեպտեմբերին կալանավորված Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ նախկին նախագահների եւ քաղաքացիական անձանց դատավարությունը, ինչպես նաեւ Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարությունը։

Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող հեռու մնալ։ Այսօր ես ուզում եմ դիմել հանրության հնարավորինս լայն շրջանակներին՝ որպես սփյուռքի ներկայացուցիչ, քաղաքացի, ընկեր, հայ եւ պարզապես ոչ անտարբեր մարդ՝ արդարության կոչով։

Շուրջ 500 օր մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում՝ զրկված պաշտպանության, հաղորդակցության եւ տեղեկատվության հասանելիության իրավունքից։ Նրանց նկատմամբ կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք խախտում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները։ Այս մարդիկ, ովքեր երկար տարիներ պաշտպանել են իրենց ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքը, այսօր ունեն մեր աջակցության եւ պաշտպանության կարիքը։

Կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ապահովել այդ մարդկանց արդարադատության օրինական իրավունքը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր հայրենակիցներին աջակցելու եւ դժվար պահին նրանց կողքին լինելու ավանդույթներին։ Թող նրանց վերադարձը տուն դառնա արդարության եւ մարդկության հաղթանակի խորհրդանիշ»,- ասել է Սամվել Կարապետյանը։