17 Հուն
2025
-1.9° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Գործի 422 հատոր ադրբեջաներեն». Բաքվում սկսվում է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը. BBC-ի անդրադարձը

«Գործի 422 հատոր ադրբեջաներեն». Բաքվում սկսվում է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը. BBC-ի անդրադարձը

Ադրբեջանում սկսվել է 2022 թվականին Արցախ մեկնած և պետնախարար դարձած միլիարդատեր, բարերար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։

Վարդանյանը հայտարարել է, որ իր հարցաքննությունների արձանագրությունները կեղծվել են, գրել է BBC-ի ռուսական ծառայությունը: Ինչպես նշվել է,

2023 թվականի սեպտեմբերին մեկօրյա պատերազմի արդյունքում՝ Ադրբեջանը վերջնական վերահսկողություն է ձեռք բերել Ղարաբաղի նկատմամբ։ Հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, թողել է իր տները և գնացել Հայաստան։ Սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքից բերման է ենթարկվել Ռուբեն Վարդանյանը, որը մյուս բնակիչների հետ փորձում էր հեռանալ Արցախից։

Ադրբեջանցի քննիչները Վարդանյանին մեղադրանք են առաջադրել ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված կազմակերպությունների ստեղծման և Ադրբեջան ապօրինի ժամանելու համար։ Այդ ժամանակվանից քաղաքական գործիչը մյուս հայ բանտարկյալների հետ գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում։

Ադրբեջանի բանտերում կա առնվազն 23 հայ բանտարկյալ, որոնցից ութը կալանավորվել են, ինչպես Վարդանյանը։ Եվս 15-ը ռազմագերիներ են և քաղաքացիական անձինք։

«Նրանց մեջ ամենահայտնին Վարդանյանն է, թեև նա Ղարաբաղում իշխանության ղեկին էր ընդամենը չորս ամիս՝ 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվարի վերջ։ Նոյեմբերի 17-ին կսկսվի ոչ միայն Վարդանյանի (նա առանձնացվել է առանձին գործով), այլև ևս 15 ձերբակալվածների դատավարությունը», – գրել է գործակալությունը:

2024 թվականի ապրիլին Վարդանյանը բանտում հացադուլ է հայտարարել։ Որպես պատիժ դրա համար, ըստ նրա փաստաբանների, նա տեղափոխվել է պատժախուց։

«Պատժախցում լույսը միացված էր 24 ժամ, ինչը հանգեցրել է քնի հետ կապված դժվարությունների և հյուծվածության», – նշվել է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ։

Ադրբեջանի իշխանությունները նրան երբեք թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանների հետ: «Բացի այդ՝ Ռուբենին ստիպել են երկար կանգնել և երկու լրիվ օրից ավելի զրկվել ջրից։ Ավելին, նրան զրկել են սպիտակեղենն ու հագուստը լվանալու, փոխելու հնարավորությունից, չեն տվել զուգարանի թուղթ, թույլ չեն տվել գրել-կարդալ, զրկել սպիտակեղենից, ստիպված է եղել քնել կեղտոտ ներքնակի վրա», – նշել է փաստաբանը: Հացադուլը տևել է 20 օր։

Վարդանյանի որդին՝ Դավիթը, նշել է, որ հայրը նամակներ է գրում և ուղարկում, բայց դրանք երբեք չեն հասնում իրենց հասցեատերերին։ Ընտանիքին, նրա խոսքով, երբեմն հաջողվում է հեռախոսով խոսել իր հետ կամ նամակներ ուղարկել Միջազգային Կարմիր խաչի միջոցով: «Դրսից» բժիշկներին արգելվում է տեսակցել Վարդանյան ավագին՝ բացառությամբ հացադուլի ավարտից անմիջապես հետո մեկ հետազոտության։

Վարդանյանի գործով առաջին նախնական դատական նիստը նշանակված է հունվարի 17-ին։

Դատավարության նախօրեին քաղաքական գործիչը կարողացել է հեռախոսով հաղորդագրություն փոխանցել իր ընտանիքին։ Նա նշել է, որ չի մասնակցել հարցաքննություններին և քննիչներին իր անունից բացի այլ բան չի ասել, սակայն իր և իր փաստաբանի վրա ճնշում են գործադրել ստորագրելու «տապալված հարցաքննությունների կեղծ արձանագրություններ»։

«Ինձ ասացին, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսը ենթադրում են մինչև ցմահ ազատազրկում։ Բայց մինչ այժմ ինձ հնարավորություն չի տրվել կարդալ պաշտոնական մեղադրական եզրակացությունը։ Իմ փաստաբանին և ինձ թույլ են տվել քրեական գործի միայն 422 հատորը թերթել ադրբեջաներենով՝ մի լեզվով, որը ես չեմ տիրապետում»,- հայտնել է Վարդանյանը՝ հավելելով, որ իրենց ընդամենը մեկ ամիս ժամանակ է տրվել 422 հատորը կարդալու համար։

Այս ուղերձում Վարդանյանը խաղաղության կոչ է արել. «Համոզված եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ հակամարտությունում ներգրավված երկրների ղեկավարները, իրենց հասարակությունների մեծամասնության հավանությամբ, կարողանան միասին ծաղիկներ դնել այս պատերազմում զոհվածների շիրիմներին: Ես խոստանում եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա իմ կյանքի ընթացքում»: