Վրաստանի հայ համայնքը նամակ է հանձնել ՄԱԿ-ին՝ հայ գերիների «դատավարության» վերաբերյալ
Հունվարի 17-ին, մի խումբ երիտասարդներ ՄԱԿ-ի գրասենյակ են փոխանցել «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը Հարավային Կովկասում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի անունով։ Նամակին կցված են «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ 1918-2023» (վրացերեն լեզվով) և «AZERBAIJAN’S GENOCIDAL POLICY AGAINST ARMENIANS 1918-2023» (անգլերեն թարգմանությունը) գրքերը, որտեղ հակիրճ նկարագրված են անցած դարում Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրականացված կոտորածները և ջարդերը։ Երիտասարդները շենքի դիմաց բացել էին նաև Բաքվում ապօրինի կալանավորվածներին աջակցող պաստառ և Արցախի դրոշը:
Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում լրանում է հայերի կոտորածի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանման 35-րդ տարելիցը: Մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կազմակերպված խմբերը՝ գործելով լիակատար անպատժելիության մթնոլորտում, ադրբեջանական իշխանությունների ջանքերով և աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության ֆոնին, բազմաթիվ սարսափելի հանցանքներ են գործել հայերի դեմ: Հայերի բացարձակ մեծամասնությունը ստիպված է եղել լքել իրենց տները, չնայած այն հանգամանքին, որ հայ համայնքը 19-րդ դարի կեսերից կարևոր ներդրում է ունեցել Բաքվի արդյունաբերական քաղաքի կառուցման և զարգացման գործում:
2025 թվականի հունվարի 17-ին, նույն Բաքվում սկսվել է 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի ժամանակ առևանգված տասնվեց հայերի դատավարությունը: Տասնվեց հայ գերիներից են Արցախի Հանրապետության նախկին պաշտոնյաները։ Այս «դատավարությունները» ընթանում են նույն հակահայկական մթնոլորտում, որն Ադրբեջանում տիրում է ավելի քան մեկ դար:
Միայն միջազգային դատապարտումն ու գործողությունները կարող են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու նրա հակահայկական քաղաքականությունը և գործողությունները, որոնք վերջին տարիներին ներառել են նաև ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Հենց այդ ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով է Հայաստանի Հանրապետությունը ստիպված զիջումների գնում Ադրբեջանի պահանջների առաջ։