Քաղաքական հավակնությունները Նախիջևանի նկատմամբ, և «Զանգեզուրի միջանցք»–ի բացման հնարավոր ազդեցությունները․ մաս 2
Genesis Armenia ուղեղային կենտրոնը հրապարակել է քգթ Աբրահամ Գասպարյանի և պատմաբան Արմեն Սարգսյանի՝ «Քաղաքական հավակնությունները Նախիջևանի նկատմամբ, և «Զանգեզուրի միջանցք»–ի բացման հնարավոր ազդեցությունները» վերնագրով հոդվածի երկրորդ հատվածը (առաջին հատվածը), որը ներկայացնում ենք ստորև․
Թուրքիա և Նախիջևան։ Նախիջանը տասնամյակներ շարունակ գտնվում է Թուրքիայի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում։ Պատմության ընթացքում Թուրքիան միշտ էլ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Նախիջևանի նկատմամբ և միշտ էլ օգտագործել է պահն իր ազդեցությունը Հարավային Կովկասում, մասնավորապես Նախիջևանում` կարևորագույն ռազմավարական դիրք ամրապնդելու համար։ Թուրքիայի հավակնությունները Նախիջևանի նկատմամաբ հիմնականում ներառում են հետևյալ հայեցակետերը․
- Էթնիկ և պատմական կապեր։ Թուրքիան և Ադրբեջանը ունեն հզոր էթնիկ և լեզվական կապեր, և դա Թուրքիան փորձում է օգտագործել՝ իր հավակնություններն ու ազդեցությունն ավելի ամրապնդելու համար։
- Նախիջևանի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրություններն առավել մեծացնում է Նախիջևանի աշխարհագրական դիրքը, քանի որ սահմանակից լինելով Հայաստանի, Իրանի և Թուրքիայի հետ, այն հարմար է տարածաշրջանային փոխադրումների ու էներգետիկ մի շարք նախագծերի իրականացման համար, ինչն էլ կհանգեցնի ենթակառուցվածքային զարգացմանը և տնտեսական աճին։
- Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գործակցության համար շատ կարևոր է Նախիջևանը։ Թուրքիան ապահովում է ռազմական տեխնիկայի և սպառազինությունների առաքում Ադրբեջանին, ինչը ցայտուն երևաց 2020 և 2023թթ․ պատերազմների ժամանակ։ Այս քաղաքականությունը տարածաշրջանում նպաստում է Թուրքիայի ռազմական ազդեցության ուժեղացմանը, որն էլ ծառայում է Ադրբեջանի շահերին։
- Թուրքիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ու մի շարք նախագծեր իրականացնում Նախիջևանում, որն ավելի է մեծացնում Նախիջևանի դերը։
- Նախիջևանը ոչ միայն ունի ռազմավարական աշխարհագրական դիրք Հայաստանի, Թուրքիայի և Իրանի սահմանների խաչմերուկում, այլև առանձնահատուկ կարևորություն թուրք-ադրբեջանական «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի իրագործման համար։
- Թուրքիան ակտիվորեն ներգրավված է նաև Նախիջևանի կրթական ոլորտում։ Աջակցում է կրթական ծրագրերի ներդրմանը, իսկ Թուրքական համալսարանները և կրթական կազմակերպությունները գործակցում են Նախիջևանի տեղական կրթական հաստատությունների հետ։
- Թուրքիան նախատեսում է ներդրումներ անել ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառներում, ինչը ոչ միայն նորից ընդգծում է Նախիջևանի ռազմավարական նշանակությունը Թուրքիայի համար, այլև իր հերթին կարող է լարվածություն առաջացնել տարածաշրջանում։
- Նախիջևանը թուրքական ազգայնականության և պանթուրքիզմի գաղափարախոսության շրջանակում ունի առանձնահատուկ տեղ։ Թուրքիան փորձում է վերականգնել իր ազդեցությունը պանթուրքիստական շրջանակներում՝ կապելով Կովկասը Կենտրոնական Ասիայի հետ, և Նախիջևանը դառնում է այդ ծրագրերի իրականացման կարևոր հանգույցը։ Բացի այդ, Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը ներառում է ակտիվ գործողություններ Հայաստանի հարևանությամբ՝ տնտեսական արգելափակումներից մինչև ուղղակի ռազմական սպառնալիքներ։
Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այսօր հասել են ռազմավարական դաշնակցության մակարդակի, ինչը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում ուժերի բալանսի վրա։
Նախիջևանը, լինելով Ադրբեջանի կազմում և Թուրքիայի հետ ունեցած սահմանով, առանձնանում է որպես կարևորագույն տարանցիկ տարածք։ Սա օգտագործվում է երկու հիմնական ուղղությամբ՝ ռազմական և տնտեսական։
Այսպես, Թուրքիան պարբերաբար մասնակցում է Ադրբեջանում (մասնավորապես Նախիջևանում) կազմակերպվող համատեղ ռազմական վարժանքներին՝ ընդգծելով իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, որոնք ուղղակիորեն սպառնալիք են Հայաստանի համար։ Նախիջևանի տարածքը շարունակվում է օգտագործվել որպես ռազմական տրանզիտային գոտի Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Օր․՝ 2020թ․ Արցախյան պատերազմի ժամանակ Նախիջևանը կարևոր դեր խաղաց Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական կապի ապահովման համար։ Նախիջևանի տարածքով Թուրքիան ապահովեց զենքի և ռազմական տեխնիկայի հոսք Ադրբեջան, նաև իր անօդաչուների արտադրությունն ու ռազմական տեխնիկան տեղակայում էր հենց այդ ուղղությանբ։
Թուրքիան փորձում է նաև Նախիջևանում իրականացնել տնտեսական ծրագրեր՝ վարկերի տրամադրում, նաև ծավալում է որոշակի գործունեություն՝ կաշվի արտահանում և այլն։ Կարևոր նշանակություն ունի նաև թուրքական հետախուզական ծառայությունների գործունեությունը Նախիջևանում։
Բացի տնտեսական և ռազմական աջակցությունից, Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է նաև դիվանագիտական աջակցություն։ Թուրքիան բազմիցս է արտահայտվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ Նախիջևանի ընդգրկմամբ։ Օրինակ՝ Թուրքիայի նախագահ Ռ․Թ․ Էրդողանը բազմիցս է հայտարարել, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու պաշտպանությանը, ընդգծելով, որ Նախիջևանն ու սահմանային տարածքները կարևոր են թուրք-ադրբեջանական հարաբերությունների համար, իսկ Թուրքիայի նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական ռազմական գործակցությանը՝ նշել է, որ համատեղ զորավարժությունները նպաստում են տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Նախիջևանում։ Ահա թե ինչպես է բնութագրել այդ հարաբերությունները Թուրքիայի նախկին Արտաքին գործերի նախարար Մ․ Չավուշօղլուն, որը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է շարունակեն խթանել անվտանգությունն ու կայունությունը՝ նշելով, որ Նախիջևանի մշակութային, պատմական կապերը կարևոր են թուրքական հանրության համար։ Միաժամանակ պետք է նշել, որ Թուրքիան միշտ էլ պնդել է, որ Նախիևջանը մնա որպես ինքնավար հանրապետություն, որովհետև առկա են մի շարք մտահոգություններ, օրինակ Ադրբեջանի քաղաքական կուրսը փոխվելու դեպքում Նախիջևանը, օգտվելով իր ինքնավար կարգավիճակից, կարող է այլ դիրքորոշում ունենալ՝ հօգուտ Թուրքիայի։
Երկու երկրների միջև կնքված տարբեր համաձայնագրերն ու ռազմական գործակցությունը փաստում են Թուրքիայի՝ որպես ռազմավարական դաշնակցի մասին, բայց շատ հաճախ նման զարգացումները սպառնում են նաև տարածաշրջանային անվտանգությանը։
Թուրք-ադրբեջանական «չհասկացվածություններ»։ Նախիջևանով պայմանավորված՝ թուրք-ադրբեջանական կոնֆլիկտը զգայուն և բարդ թեմա է, որտեղ ներգրավված են պատմական, ռազմավարական և քաղաքական տարբեր գործոններ։ Նրանց հիմնական ընդհանրությունը հիմնված է ընդհանուր ազգակցական և մշակութային կապերի վրա։ Չնայած Թուրքիան այսօր պաշտոնապես տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, բայց նրա ռազմավարական հետաքրքրությունները տարածաշրջանում վկայում են մի շարք հավակնությունների մասին։ Նախիջևանի շուրջ թուրք-ադրբեջանական կոնֆլիկտը կարող է լինել քաղաքական շահերի բախման հետևանքով, որն անհնար է ավելի տեսանելի ներկայացնել այս խնդիրների խորքային լինելու պատճառով։
Թուրքիան արդեն փորձում է շատ զգուշորեն անմիջական կապեր ունենալ Նախիջևանի ղեկավարության հետ՝ «շփումների» մակարդակով։ Օրինակ՝ վերջերս Անկարայում Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլին հանդիպել է Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-մայոր Քանան Սեիդովի հետ՝ առանց Ադրբեջանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչների մասնակցության։