ԼՂ հայաթափման մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ․ Արմեն Գրիգորյանի ճեպազրույցի առանցքային կետերը
Ադրբեջանից հնչող հայտարարությունները մտահոգիչ են։ Տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։
Հայաստանը կարծում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնել Բրյուսելի, ԵՄ անդամ երկրների և Միացյալ Նահանգների հետ, և սերտացնում է։ Սա է մեր հարաբերությունների նպատակը։ Շարունակելու ենք լավ հարաբերություններ պահպանել այն բոլոր երկրների հետ, որոնք համաձայն են Հայաստանի ինքնիշխանության հարցերում և համամիտ են Երևանի մոտեցումներին։
Հուսով ենք, որ Բրյուսելը կերկարաձգի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը:
Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով ու դրա մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ։
Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ` գոյություն ունեցող բոլոր հարցերին: Բացի այդ, բոլոր հարցերով՝ և՛ խաղաղության պայմանագրի, և՛ սահմանազատման, և՛ մնացած այլ հարցերով շարունակում ենք այս ուղղությամբ շարժվել, և խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ:
Խաղաղության պայմանագրի առաջարկները փոխանցել ենք Ադրբեջանին և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին․ խոսքն այն երկու հոդվածի մասին է, որոնց շուրջ վերջնական համաձայնության չենք եկել։ Այդ երկու հարցի վերաբերյալ հրապարակային խոսել ենք և հուսով ենք՝ լուծումներ կգտնենք։
ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում չի կարող գաղտնի լինել։ Մենք իրավիճակը գնահատում ենք ու ըստ դրա ենք որոշում կայացնում։
Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը։ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ մենք կայացրել ենք քաղաքական որոշում ու այդ որոշումները հրապարակային են։ Եթե որևէ փոփոխություն լինի՝ կտեղեկանաք։
Հայաստանի մոտեցումը կոնկրետ հարցերին հստակ ձևակերպված է, օրակարգային բոլոր հարցերով մենք առաջարկել ենք լուծումներ:
Տարածաշրջանում ապաշրջափակման մեր տեսլականը «Խաղաղության խաչմերուկն» է։
Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ` գոյություն ունեցող բոլոր հարցերի համար։ Ադրբեջանին առաջարկներ ենք ներկայացրել և սպասում ենք արձագանքի։