Թրամփը պատրաստ է անհապաղ հանդիպել Պուտինի հետ. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հետ պատերազմին վերջ դնելու համար․ այս մասին հաղորդում է Reuters-ը։ Թրամփը նաև ցանկություն է հայտնել աշխատել միջուկային զենքի կրճատման ուղղությամբ։
«Ես իսկապես կցանկանայի նախագահ Պուտինի հետ հանդիպել հնարավորինս շուտ, որպեսզի այդ պատերազմն ավարտվի», – Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին տեսակապի միջոցով ասել է Թրամփը, ով երկուշաբթի օրը վերադարձել է Սպիտակ տուն։
ԱՄՆ նախագահը նշել է՝ այդ ցանկությունը չի բխում տնտեսության կամ որևէ այլ տեսանկյունից, դրա պատճառն այն է, որ միլիոնավոր կյանքեր են զուր վատնվում։
«Դա կոտորած է: Եվ մենք իսկապես պետք է դադարեցնենք այդ պատերազմը»,- ասել է նա։
Նույն օրը՝ ավելի ուշ, Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ Թրամփը լրագրողներին ասել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ՝ վերջ տալու այդ «անհեթեթ պատերազմին»: