24 Հուն
2025
4.1° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի

Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի

Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում: Բնականաբար սա շատ հստակ մեսիջ է, նման դեպքերում պատահականություններ չեն լինում: Վստահ եղեք, Պեկինն իր դիվանագիտական զինանոցում հարյուրավոր պրոֆեսիոնալներ ունի, որ կարող են հենց այսօր գործուղվել Երևան. այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Իսկ որո՞նք են նման մոտեցման պատճառները:

  1. Նախ, Հայաստանը, չնայած բարձր մակարդակով տրված հավաստիացումներին, բացարձակ հետաքրքրվածություն չի ցուցաբերում «Ճանապարհ և գոտի» մեգանախագծով և ոչինչ չի անում դրա մաս կազմելու համար: Այս տեսանկյունից չինական մոտեցումը շատ հստակ է, կան պետություններ, որոնք բարեկամաբար են տրամադրված նախագծին, և կան այնպիսինները՝ որոնք հակադրվում են դրան:
  2. Հայաստանը դեռևս շարունակում է մնալ փաստացի գոյություն չունեցող հակաչինական կրոնական ազատության ալիանսի կազմում (չխառնել կրոնական ազատության գագաթնաժողովի հետ), չնայած դրա հիմնադիր՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն ինքն էր ներկայացնում դրա հակաչինական բնույթը: Փաստացի, ալիանսն ավելի քան 4 տարի է չի գործում, սակայն Հայաստանը շարունակում է ֆորմալ առումով դրա մաս կազմել:
  3. Կարևոր է նաև հիշել, որ Հայաստանն այն պետությունն է, որ ընդունել էր Թայվանի էկոնոմիկայի նախարարին, հանձնառություն ունենալով զերծ մնալ Թայվանի պաշտոնյաների հետ որևէ ուղիղ շփումներից: Թայվանի խնդիրը Չինաստանի համար ամենից զգայուն թեման է և այստեղ նա այլ կարծիք չի հանդուրժում, քան մեկ Չինաստան սկբունքը:

Այսքանից հետո, չինացի մեր գործընկերների նման մոտեցումը բավականին տրամաբանական է և հիմնավոր: Գերտերություններին չի կարելի այսպես վերաբերվել»,– գրել է նա։