28 Հուն
2025
-4° c ԵՐԵՎԱՆ
-3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը չունի Եվրոպային անհրաժեշտ գազի ծավալը. Politico

Ադրբեջանը չունի Եվրոպային անհրաժեշտ գազի ծավալը. Politico

Փորձագետները կասկածում են, որ Ադրբեջանը կարող է Ուկրաինայի տարածքով գազի զգալի նոր ծավալներ մատակարարել Եվրոպա: Ադրբեջանը փորձում է դիրքավորվել որպես ԵՄ հիմնական էներգետիկ գործընկեր․ նշել է ICIS հետազոտական ընկերության գազի շուկայի փորձագետ Աուրա Սաբադուսը՝ Politico-ի հետ զրույցում:

«Բայց նրանք չունեն արտադրություն, և այս պահին ավելին են խոսում, քան կարող են անել», – նշել է փորձագետը: Ըստ Սաբադուսի՝ Բաքվի հետ ցանկացած նման գործարք, հավանաբար, կներառի ծավալների փոխանակում, որի արդյունքում՝ ռուսական մատակարարումները կվերանվանվեն որպես ադրբեջանական: Խնդիրը պետք է լուծվի երկուշաբթի, երբ ԵՄ բարձրաստիճան դիվանագետները հանդիպեն՝ քննարկելու դաշինքի արտաքին քաղաքականությունը: Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանը սպառնացել է վետո դնել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման վրա, եթե Կիևը չհրաժարվի հակամարտությունից՝ բարձրացնելով սառեցված միջոցները Մոսկվային վերադարձնելու և առևտրային էմբարգոն անվավեր ճանաչելու հեռանկարը:

«Եթե ուկրաինացիները օգնություն են ուզում, օրինակ՝ ռուսների դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, ապա թող վերաբացեն գազամուղը և թույլ տան Կենտրոնական Եվրոպայի երկրներին, այդ թվում՝ Հունգարիային, ներկրել մեզ անհրաժեշտ գազը Ուկրաինայի տարածքով», – նշել է Կրեմլի բարեկամ Հունգարիայի ղեկավարը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է գազը տարանցել Ադրբեջանից Եվրոպա: Նրա խոսքով՝ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այդ հարցը: «Մենք կարող ենք օգտագործել մեր ենթակառուցվածքները, եթե Եվրոպայի երկրները գազի կարիք ունեն, բայց ոչ՝ ռուսական գազի»,- նշել է նա։ Ռուսական գազի հոսքը դեպի Եվրոպա Ուկրաինայի տարածքով դադարեցվել է այս ամիս, ինչը հանգեցրել է կատաղի բողոքների Սլովակիայից և Հունգարիայից, որոնք դեռևս զգալի մատակարարումներ էին ստանում Ռուսաստանից: