Բաքվում դատում են հայ գերիներին. մարդու իրավունքների ի՞նչ խախտումների են նրանք ենթարկվում (տեսանյութ)
Բաքվում մեկնարկել է գերեվարված հայ քաղգործիչների և այլ անձանց (16 հոգի) շինծու մեղադրանքներով հագեցած քրեական գործերով դատալսումները։ Լսումները սկսվել են 2025 թվականի հունվարի 17-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Նախնական վերլուծությունը ցույց է տալիս դատավարությունների ընթացքում արդեն նկատված խնդիրները, ինչպիսիք են արդար դատաքննության իրավունքի խախտումները, պատշաճ պաշտպանության բացակայությունը, թափանցիկության բացակայությունը, խոշտանգումների հետևանքները, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, տեղեկատվության հասանելիության բացակայությունը, և ավելին:
Նշենք, որ Ադրբեջանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան դեռ 2002 թվականին՝ ստանձնելով փաստաթղթից բխող իրավունքները պաշտպանելու, հարգելու, հետևելու և առաջ մղելու պարտավորություն։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը երաշխավորում է անկախ և անաչառ դատարանի կողմից արդար և հրապարակային դատաքննության իրավունքը:
Հայ գերիների դատավարությունները անցկացվում են փակ ռեժիմով։ Դատական նիստերից միայն կարճ հատվածներ են տարածվում ադրբեջանական լրատվական գործակալությունների կողմից։ Միջազգային կազմակերպությունների և/կամ անկախ դիտորդների և/կամ լրագրողների ներկայացուցչությունը չի թույլատրվում, ինչը մտահոգություններ է առաջացնում վարույթի թափանցիկության հետ կապված: Հայ գերիները զրկված են փաստաբանական ներկայացուցչության, այն է՝ իրենց ընտրությամբ փաստաբան ստանալու իրավունքից։
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը զրկված է Բաքու մուտք գործելու հնարավորությունից։
Կադրերում քննարկվող իրավունքների պաշտպանությունն ապահովում են.
- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (UDHR) (1948)
- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր (ՔՔՄՄԴ) (1966)
- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (ՄԻԵԴ) (1950)
- Ժնևյան կոնվենցիաներ (1949թ.)
- Ժնևի կոնվենցիաների լրացուցիչ արձանագրություններ (1977թ.)
- ՄԱԿ-ի Կոնվենցիա ընդդեմ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի (UNCAT) (1984)
- ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները դատական իշխանության անկախության վերաբերյալ (1985 թ.)
- ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները իրավաբանների դերի վերաբերյալ (1990 թ.)
Տեսանյութը պատրաստվել է Ադրբեջանի հարցերով մասնագիտացած կովկասագետ Դիանա Կարապետյանի և իրավապաշտպան Սոնա Ազատյանի կողմից։ Շարքը նախատեսված է իրազեկելու ինչպես հայ հասարակությանը, այնպես էլ միջազգային հանրությանը Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող անձնաց իրավունքների ոտնահարման մասին։
Տեսանյութը հասանելի է այստեղ։