29 Հուն
2025
-5.8° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ազարտային խաղացող է․ հակամարտությունը կշարունակվի. փորձագետներ

Ադրբեջանն ազարտային խաղացող է․ հակամարտությունը կշարունակվի. փորձագետներ

Ղարաբաղյան հակամարտությունից հետո իրավիճակը Հարավային Կովկասում մնում է բավականին լարված և անկայուն։ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս բանակցում են խաղաղության պայմանագրի կնքման պարամետրերի շուրջ։ Դրա շրջանակներում հունվարի 16-ին կողմերը պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները։ Սակայն Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները շարունակում են մեղադրանքների և կոշտ հայտարարությունների փոխանակումը։ Նրանք հրաժարվել են որևէ միջնորդից և երես առ երես են խոսում. գրել է Московский Комсомолец-ը։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը սուր է։ Ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլն ավարտվել է։ Հայաստանն ու Ադրբեջանը բարդ բանակցություններ են վարում խաղաղության պայմանագրի կնքման շուրջ», – այս հարցի շուրջ քննարկումները սկսելով՝ նշել է «Վալդայ» միջազգային ակումբի ծրագրերի տնօրեն Օլեգ Բարաբանովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուշադիր հետևում է իրավիճակին և սերտ հարաբերություններ ունի երկու երկրների հետ։ Ուստի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն իրավիճակը բխում է Ռուսաստանի շահերից։ Մոսկվայի հարաբերություններն Ադրբեջանի և Հայաստանի հետ նույնպես երբեմն բարդանում են։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հեռանկարներին, ինչպես նաև Եվրոպական միությանն ինտեգրումը սկսելու Երևանի հռչակած կուրսին։ AZAL ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված վերջին ողբերգությունը, որը մեծ աղմուկ է բարձրացրել տեղեկատվական տարածքում, Ադրբեջանի հետ հարաբերությունների փորձություն է։

«Եթե ժամանակը ետ դարձնենք, ապա ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար շատ խոչընդոտներ կային, և այժմ մենք տեսնում ենք, որ այդ խոչընդոտներն աստիճանաբար լուծվում են»,- ընդգծել է քաղաքական գիտությունների դոկտոր Քամրան Հասանովը։
Փորձագետը համաձայն է, որ հակամարտությունը բարդ է և զգացմունքային, բայց վստահ է, որ կա նաև առաջընթաց: Ռուս փորձագետ Նիկոլայ Սիլաևը համարում է, որ այժմ ՌԴ-ի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության վրա։ «Սակայն կա հասկացողություն, որ ռազմական գործողությունը վաղ թե ուշ կավարտվի, ինչը նշանակում է, որ կովկասյան տարածաշրջանում հնարավորությունների պատուհանը կփակվի որոշ խաղացողների համար»,- վստահ է փորձագետը։

Նա ադրբեջանական դիվանագիտությունն անվանել է ազարտային, «և կա վտանգ, որ այդ խաղացողների ազարտը կգերակշռի ռացիոնալ գործողություններին։ Հուսանք, որ դա տեղի չի ունենա»: Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, փորձագետի կարծիքով, կարևոր է նաև տարբերակել մեդիա և դիվանագիտական կողմը։
Փոորձագետ Սերգեյ Մարկեդոնովը հայ-ադրբեջանական հակամարտության առանձնահատկությունն անվանել է այն, որ «կողմերն իրենք պատրաստ չէին հակամարտության կարգավորմանը» ։ «Եթե մինչև 2020 թվականը Հայաստանն ուներ առավելություն և դա ցուցադրում էր, հիմա դա ցուցադրում է ուրիշն՝ Ադրբեջանը»։

Նրա կարծիքով՝ հակամարտությունը կշարունակվի, քանի որ կողմերն իրենք պատրաստ չեն փոխզիջումային լուծմանը։ Հայաստանը հանդուրժողականություն է ցուցաբերում միայն այն պատճառով, որ այս անգամ պարտվել է։ Մարկեդոնովի կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն աշխարհաքաղաքական առումով շատ տարբեր են։ «Փաշինյանը չունի իշխանության նույն ուղղահայացությունը, ինչ՝ Ալիևը։ Ուստի՝ Հայաստանի վարչապետը հորդորում է ստորագրել խաղաղության պայմանագիր՝ առանց տարածքային վեճերի ԵՄ-ին անդամակցելու համար: Բայց Հայաստանում նրա դեմ ընդդիմությունը շատ ուժեղ է և վրեժ է պահանջում։ Փաշինյանը սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, որը հիմա նրան զենք չի կարող մատակարարել, և ռազմավարական համագործակցության պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ։ Բայց այն Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի տալիս։ Իսկ զենք են գնում Ֆրանսիայից ու Հնդկաստանից։ Ադրբեջանն առաջ է տանում խաղաղության պայմանագրի ստորագրումը, մինչդեռ տարածաշրջանի բոլոր հիմնական խաղացողները՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը, շեղված են իրենց խնդիրներով», – նշել է փորձագետը:

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը դադարել է լինել ռուսական տիրույթ, սակայն Ռուսաստանը դեռևս մնում է տարածաշրջանի խաղացողներից մեկը։