Ինչու՞ է Իլոն Մասկը որոշել «վերականգնել Եվրոպայի նախկին մեծությունը». BBC
Միլիարդատեր Իլոն Մասկը, ով համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, վերջին շաբաթների ընթացքում դարձել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս ամերիկյան քաղաքականության ամենաքննարկվող կերպարներից մեկը, գրել է BBC-ին: Եվ դա միայն Դոնալդ Թրամփին աջակցող նրա հրապարակային ելույթները չեն, որոնցից մեկի ժամանակ նա ձեռքը բարձրացրել է նացիստական ողջույն հիշեցնող ժեստով: Բանն այն է, թե Մասկն ի՞նչ հաճախականությամբ և արտահայտություններով է սկսել բարձրաձայնել Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Վերջին տասնամյակի ընթացքում եվրոպացի առաջնորդները քննարկում էին, թե ինչպե՞ս պաշտպանել ժողովրդավարական գործընթացները Ռուսաստանի կողմից բխող հիբրիդային սպառնալիքներից՝ աջակցություն պոպուլիստական կուսակցություններին, սոցցանցերում կեղծ լուրերի տարածում և ընտրություններին միջամտություն: Բայց Եվրոպան որոշ չափով շփոթվել է, երբ Իլոն Մասկը սկսել է օգտագործել MEGA – Make Europe Great Again(Եվրոպան կրկին հզոր դարձնել) կարգախոսը։
Այսպես, օրինակ, անցյալ շաբաթ օրը Իլոն Մասկը միացել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ընդդիմադիր կուսակցության նախընտրական հանրահավաքին, որը սովորաբար կոչվում է ծայրահեղ աջ: Նրա ղեկավարները, իշխանության գալու պարագայում, խոստանում են արտաքսել ոչ միայն անօրինական միգրանտներին, այլ նաև՝ որոշ օրինական բնակիչներին և նույնիսկ այլ երկրների արմատներով Գերմանիայի քաղաքացիներին։ Միլիարդատերը քարոզարշավ է իրականացրել AfD-ի օգտին և կոչ արել ազգային հպարտության զգացում ունենալ: Նա հավաքվածներին հորդորել է չամաչել գերմանական մշակույթի և գերմանական արժեքների համար և չկորցնել դրանք «մուլտիկուլտուրալիզմի մեջ, որը լղոզում է ամեն ինչ»։
«Երեխաները չպետք է մեղավոր զգան իրենց ծնողների մեղքերի համար, էլ չասած իրենց նախապապերի մեղքերի համար»,- հայտարարել է Մասկը։ Այս խոսքերն ընկալվել են որպես նացիստական հանցագործությունների համար գերմանացի ժողովրդի մեղքի թեմային հղում և վրդովեցրել ոչ միայն լիբերալ քննադատներին, այլև՝ գործարարի որոշ դաշնակիցներին։ «Ինչո՞ւ է հարավաֆրիկյան ծագում ունեցող ամերիկացի միլիարդատերը հանկարծ այդքան հետաքրքրվում Եվրոպայով: Իր կարիերայի մեծ մասը Մասկը հեռու է մնացել քաղաքականությունից։ Մինչև վերջերս նա աջակցում էր Դեմոկրատական կուսակցությանը, 2016 թվականի նախագահական ընտրություններում քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին, իսկ 2020 թվականին՝ Ջո Բայդենի։Սակայն անցած տարվա ընթացքում Իլոն Մասկը դարձել է Սիլիկոնյան հովտի գործարարներից ամենաակտիվը քաղաքականապես: Ավելի քան քառորդ միլիարդ դոլար ծախսելով Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի վրա՝ նա մտել է նրա մերձավոր շրջապատ։ Սրանից հետո Մասկն իր ուշադրությունն ուղղել է դեպի Եվրոպա, որտեղ նույնպես ցանկանում է իշխանության ղեկին տեսնել աջ պոպուլիստներին, միգրացիայի դեմ պայքարողներին և ձախ-լիբերալ գաղափարախոսությանը», – գրել է գործակալությունը՝ հավելելվ, որ եվրոպական երկրների նոր առաջնորդներից ոմանք արդեն դարձել են նրա ընկերները, օրինակ՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, ով Մասկին հանճար է անվանում։ Բայց Եվրոպայի երկու խոշորագույն տնտեսությունները՝ Գերմանիան և Բրիտանիան, դեռևս դիմադրում են ընդհանուր միտումին, որը նյարդայնացնում է նրան։ Վերջին մեկ ամսում այս դիմակայությունը նոր մակարդակի է հասել։ Այս տարվա սկզբին Մասկը գերմանացի ընտրողներին կոչ էր արել փետրվարի 23-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության օգտին։ Որպես արձագանք կանցլեր Անգելա Մերկելի երկարատև կառավարմանը՝ կուսակցությունը համախմբել է ստատուս քվոյի տարբեր հակառակորդների, այդ թվում՝ ծայրահեղ աջերին և նույնիսկ նեոնացիստներին: Մասկը մերժում է այս պիտակները և պնդում, որ AfD-ն առողջ դատողություն ունեցող կուսակցություն է, որը ցանկանում է դադարեցնել անօրինական միգրացիան, խթանել բիզնեսի աճը և ստեղծել մատչելի մաքուր էներգիա։ Ամերիկացի միլիարդատիրոջ միջամտությունը նախընտրական արշավին ցնցել է գերմանացի քաղաքական գործիչներին և տարբեր մրցակից կուսակցությունների ներկայացուցիչների կողմից դատապարտվել որպես անթույլատրելի արտաքին միջամտություն ժողովրդավարական գործընթացին:
Մեծ Բրիտանիայում տեղական քաղաքականության մեջ դեր խաղալու Մասկի փորձը մինչև վերջերս ավելի փիլիսոփայական էին՝ չնայած լեյբորիստական կառավարության և անձամբ վարչապետ Քիր Սթարմերի դեմ պարբերաբար հարձակումներին: Սակայն վերջին մեկ ամսվում Մասկը ստիպել է բրիտանական իշխանություններին արձագանքել: Փաստն այն է, որ նույն X ցանցում զանգվածային արշավի միջոցով, նրան հաջողվել է երկրում գլխավոր թեման դարձնել Անգլիայի հյուսիսում ապրող աղքատ և անապահով ընտանիքների աղջիկների բռնաբարության շուրջ հին սկանդալը: Խեղաթյուրելով փաստերը՝ Մասկը մեղադրել է Սթարմերին բռնաբարող կավատներին օգնելու մեջ և ներքին գործերի փոխնախարար Ջես Ֆիլիպսին անվանել «բռնաբարության միջոցով ցեղասպանության համար ներողություն խնդրող»: Եվ չնայած Բրիտանիայում շատերը նույնպես վրդովված էին Մասկի միջամտությունից թագավորության ներքին գործերին, նրա առաջադրած թեման չհեռացավ թերթերի առաջին էջերից, և ի վերջո կառավարությունը որոշեց առանձին հետաքննություններ սկսել հինգ քաղաքներում: Մասկի քաղաքական գործունեությունը չի կարող մեկուսացված լինել նրա բիզնես շահերից։ Աջակողմյան և պոպուլիստական կուսակցություններն ու քաղաքական գործիչները, որոնց նա աջակցում է, խոստանում են ցածր հարկեր, կարգավորումներ և բիզնեսի հարցերում կառավարության միջամտության սահմանափակում: Եվրոպական միության թվային ծառայությունների մասին օրենքը (DSA) սպառնում է ամերիկյան տեխնոլոգիական հսկաներին բազմամիլիարդանոց տուգանքներով, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ համարժեք պայքար չկատարելու համար: Բայց ֆեյքերի դեմ պայքարը ձեռնտու չէ սոցցանցերի տերերին։ Այն ենթադրում է հսկայական ծախսեր փաստերի ստուգման անձնակազմի պահպանման համար, չնայած այն հանգամանքին, որ տեղեկատվության որակը չի ազդում նրանց բիզնես մոդելի վրա: Նրանք ցանկանում են, որ մարդիկ հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն սոցիալական ցանցերում, և այդ նպատակով կեղծ լուրերը ստուգված լուրերից վատ չեն: Բրիտանիայում այս տարվա մարտին պետք է ուժի մեջ մտնի ինտերնետի անվտանգության նոր օրենքը, որը ենթադրում է զգալի տուգանքներ և քրեական պատասխանատվություն տեխնոլոգիական ընկերությունների և սոցիալական ցանցերի համար այն խախտելու համար։ Փորձագետները կարծում են, որ այս օրենքի կիրառումը պետք է լինի բրիտանական կառավարության պատասխանը Մասկի տրոլինգին։ Որոշ դիտորդներ կոչ են անում չուռճացնել Մասկի՝ եվրոպական քաղաքականության վրա ազդելու կարողությունը։ Նրա գաղափարների հիմնական հարթակը X-ն է, սակայն Բրիտանիայում այն հայտնիությամբ միայն վեցերորդն է, և նրա լսարանը վերջին տարիներին նվազում է: Գերմանիայում X-ի ծածկույթն էլ ավելի փոքր է, և կա լեզվական խոչընդոտի տարր․ ոչ բոլոր գերմանացիներն են անգլերենով նորություններ կարդում, նույնիսկ եթե խոսում են: Ավելին, ԱՄՆ-ում Մասկի նկատմամբ վերաբերմունքը գրեթե չի տարբերվում Թրամփի նկատմամբ վերաբերմունքից. ամերիկացիների կեսից մի փոքր ավելին բացասական վերաբերմունք ունի։ Եվրոպայում նա շարունակում է մնալ ոչ հանրաճանաչ գործիչ. վերջերս անցկացված սոցհարցումը ցույց է տվել , որ Մասկի ժողովրդականությունը բրիտանացիների շրջանում նվազում է․ 44%-ը հավանություն չի տալիս նրան, և միայն 26%-ն է դրական կարծիք հայտնում: Մինչդեռ գերմանացիների 73%-ը անտեղի է անվանել նրա միջամտությունը գերմանական քաղաքականությանը։