Հարաբերությունների այս նոր որակը նոր հնարավորություններ է բացում․ Միրզոյանը հայ–վրացական հարաբերությունների մասին
«2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերություններն ունեցել են էական, շոշափելի առաջընթաց: Մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել միմյանց հետ, 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ։ Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները՝ և՛ երկու երկրների միջև, և՛ երկու ժողովուրդների միջև, դարեր ի վեր ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը, հարաբերությունների այս նոր որակը նոր հնարավորություններ է բացում մեր առաջ պաշտոնապես և՛ քաղաքական երկխոսության առումով, և՛ տնտեսական համագործակցության առումով, և՛ մյուս ոլորտներում՝ հումանիտար, կրթություն, գիտություն և այլ բոլոր ոլորտներում՝ մեր գործընկերությունն ամրապնդելու»,- այս մասին հայտարարել է Արարատ Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Միրզոյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում ամփոփվել են երկու երկրների համատեղ ձեռքբերումները, նախանշվել են առաջիկա անելիքները, արձանագրվել է, որ բարձր մակարդակում Հայաստանի և Վրաստանի, նաև երկու արտգործնախարարությունների միջև կա իրական ու լավ երկխոսություն: