Ազատի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը և տուժողների փաստաբանը առանձնազրույց են ունեցել
Ազատի զորամասի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն առանձնազրույց են ունեցել՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը․ այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Նորայր Նորիկյանը։
Փաստաբանն առայժմ մանրամասներ չի ներկայացրել հանդիպումից։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։