Նեթանյահուն փորձելու է համոզել Թրամփին շարունակել պատերազմը Գազայում․ Axios
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցությունների ընթացքում կփորձի համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հավանություն տալ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունները շարունակելու ծրագրերին. այս մասին գրել է Axios հարթակը։
Իսրայելցի պաշտոնյաները Axios-ին հայտնել են, որ, նախքան որևէ որոշում կայացնելը, Նեթանյահուն կսպասի՝ տեսնելու, թե ինչպե՞ս է Թրամփը վերաբերվում գործարքի երկրորդ փուլին, որը կհանգեցնի մշտական հրադադարի և Իսրայելի ամբողջական դուրսբերմանը Գազայից։ «Նեթանյահուն հույս ունի ազդել Թրամփի մտածողության վրա և համոզել նրան հավանություն տալ Գազայում պատերազմի՝ Իսրայելի վարչապետի ծրագրերին», – նշվել է հոդվածում։
Պորտալի զրուցակիցներից մեկը կարծիք է հայտնել, որ եթե Նեթանյահուն որոշի չանցնել գործարքի երկրորդ փուլին, դա կարող է հանգեցնել նրան, որ Գազայում պատերազմը կձգձգվի առնվազն ևս մեկ տարի։Ավելին, ըստ իսրայելական պաշտոնյաների, գործարքի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները չեն սկսվի երկուշաբթի օրը՝ փետրվարի 3-ին, ինչպես նախատեսված է համաձայնագրում, քանի որ Նեթանյահուն որոշել է Դոհա չուղարկել բանակցային թիմ Թրամփի հետ հանդիպումից առաջ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը պայմանավորվել են բանակցություններ սկսել Գազայի գործարքի հաջորդ փուլի շուրջ փետրվարի 3-ին Վաշինգտոնում։