03 Փտր
2025
8.1° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ու Հայաստանն ունեն երկխոսության կանոնակարգված ձևաչափ՝ համատեղ համաձայնեցված հստակ հիմքով և շրջանակով․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Ադրբեջանն ու Հայաստանն ունեն երկխոսության կանոնակարգված ձևաչափ՝ համատեղ համաձայնեցված հստակ հիմքով և շրջանակով․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Եվրամիության համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, իսկ վերջերս նաև երկկողմ հարթությունում առկա ձեռքբերումների ու հաջողությունների վրա․ «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ վերջերս Բաքու կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաներից լսել է նրանց հրապարակային  խոսքից տարբերվող հայտարարություններ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ։ Խոսելով Հայաստանում ունեցած հանդիպումների մասին՝ Գրոնոն շեշտել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն հեռանկարային մոտեցում՝ թշնամության էջը շրջելու և կայուն ու խաղաղ միջավայր հաստատելու հստակ պատրաստակամությամբ:

Հարցազրույցում Գրոնոն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին Ադրբեջանից հնչող մեղադրանքներին ու քննադատություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում ԵՄ-ի անելիքներին, Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։

-Տիկին Գրոնո, հունվարի 8-ին Ձեր այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին՝ կասկածի տակ դնելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հնարավորությունը։ Ձեր հանդիպման ժամանակ անդրադարձե՞լ եք այս սպառնալիքներին, և ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է խաղաղություն Հարավային Կովկասում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար սպառնում է Հայաստանին և առաջադրում անհիմն տարածքային պահանջներ։

-Դուք իրոք անդրադառնում եք այն համատեքստին, որի շրջանակում տեղի ունեցավ իմ այցը Ադրբեջան: Հանրային հռետորաբանության, բնակչությանը խաղաղ ապագայի նախապատրաստելու, սպառնալիքները հասցեագրելու ու դրանց ընկալումը նվազեցնելու հարցերը, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի և խաղաղությանը միտված դրական հռետորաբանության միջոցով, քննարկվել են իմ հանդիպումների ժամանակ Ադրբեջանում: ԵՄ-ի համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, վերջերս նաև երկկողմ հարթությունում ձեռքբերումների ու հաջողությունների վրա: Բաքվում քննարկումների ընթացքում լսեցի հուսադրող հայտարարություններ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ. դրանք հաճախ տարբերվում էին այն ամենից, ինչ լսել ենք հանրային տիրույթում, մասնավորապես՝ երկու երկրների միջև կարգավորման գործընթացի շարունակության վերաբերյալ: Կարծում եմ՝ կարգավորման առաջին կարևոր փուլն արդեն արդյունքներ է տալիս. Ադրբեջանն ու Հայաստանն ունեն երկխոսության կանոնակարգված ձևաչափ՝ համատեղ համաձայնեցված հստակ հիմքով և շրջանակով: Հիմա ժամանակն է դրսևորելու այն քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է հակամարտության էջը վերջնականապես շրջելու, բոլոր չլուծված հարցերի համար փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանի բոլոր բնակիչների համար խաղաղ ու առավել բարգավաճ կյանք ապահովելու համար:

-Ադրբեջանի նախագահը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի զենքի ձեռքբերումը, մինչդեռ ինքը արագորեն զինում է իր երկիրը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է կեղծ պնդումներ տարածել այն մասին, թե Հայաստանի Սահմանադրությունն իբր պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հռետորաբանությունը չի դադարում։ Դուք տպավորություն ունե՞ք, որ Բաքուն պատրաստվում է նոր հարձակման Հայաստանի վրա, և որքանո՞վ եք արժանահավատ համարում Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության ձգտման վերաբերյալ։ 

-Բաքվում իմ բոլոր զրուցակիցները հայտնեցին այն տեսակետը, որ «հակամարտությունը կարգավորվել է», «իրավիճակը կայունացել է», որ «ուժ կիրառելու մտադրություն չկա», և որ կարգավորման գործընթացը պետք է շարունակվի բոլոր ուղղություններով: Կրկին նշեմ, որ այն, ինչ լսեցի հանդիպումների ընթացքում, շատ տարբերվում էր այն ամենից, ինչ երբեմն լսում ենք հանրային տիրույթում: Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 11-րդ հանդիպումը նախատեսվածի պես տեղի ունեցավ հունվարի 16-ին: Ցանկանում եմ ողջունել և գնահատել կողմերի միջև շարունակական տեսակետների փոխանակումը ապագա սահմանազատման աշխատանքների և ձեռք բերված համաձայնությունը՝ հյուսիսից հարավ կոնկրետ սահմանազատման աշխատանքները շարունակելու վերաբերյալ: Սա շատ դրական ազդակ է, և ես մեծապես հույս ունեմ, որ նման առաջընթաց կապահովվի նաև մյուս ուղղություններով՝ լինի դա խաղաղության պայմանագրի նախագիծը, կապերի վերականգնումը և հաղորդակցության ուղիների վերաբացումը, թե մարդասիրական խնդիրները: Մենք, անշուշտ, կոչ ենք անում երկու կողմերին՝ հանձնառություն ստանձնել առաջընթացի հարցում և զգուշացնում ենք բացասական ազդեցության մասին՝ որոշակի հակառակ միտումների դեպքում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։