ԶՊՄԿ աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ վերանայվել են 2018-ին․ ABC media-ն զրուցել է գործադուլի մասնակցի հետ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։
«Աշխատավարձի վերանայում վերջին անգամ 2018 թվականին ենք ունեցել։ Բնականաբար, այս ութ տարիների ընթացքում շուկայում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ։ Գնաճ, բազմաթիվ այլ գործոններ և ռացիոնալ փաստարկներ կան, թե աշխատավարձը ինչու պետք է բարձրանա»,-ABC media-ի հետ զրույցում ասել է կոմբինատի աշխատակից Վահե Մխիթարյանը։
Նա նշել է, որ ոչ բավարար առողջապահական համակարգը ստիպում է աշխատակիցներին առողջական խնդիրները լուծելու համար հասնել Երևան, ինչը հավելյալ ծախս է։
«Այդ առողջական խնդիրներն օդից չեն հայտնվում։ Այստեղ կան բավականին խնդիրներ, որոնք նպաստում են այդ հիվանդությունների առաջացմանը»,-ասել է նա։
ԶՊՄԿ աշխատակցի խոսքով՝ իրենք պատրաստակամ են բոլոր պահանջները ռացիոնալ փաստարկներով և մասնագետների ներգրավմամբ հիմնավորել։ Կոմբինատից սակայն նշում են, որ աշխատավարձը նորմալ է և նրանք չեն պատրաստվում բարձրացնել ու հորդորում են վերադառնան աշխատանքի։
«Այս պահին մեր գործընկերների մի մասը գտնվում է իրենց աշխատավայրում և պատրաստակամ են աշխատել, բայց խնդիրը կա»,-ասել է Մխիթարյանը։