04 Փտր
2025
8.2° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պետքարտուղարը USAID-ին մեղադրել է ազգային շահերը չպաշտպանելու համար

ԱՄՆ պետքարտուղարը USAID-ին մեղադրել է ազգային շահերը չպաշտպանելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) մեղադրել է անհնազանդության և ԱՄՆ ազգային շահերի հետ հաշվի չնստելու մեջ։ Ըստ պաշտոնյանի՝ կազմակերպությունը վերահսկողության տակ վերցնելը միակ ելքն էր. Ռուբիոն այս մեկնաբանություններն արել է Սալվադորում Fox News-ին տված բացառիկ հարցազրույցում։

Մարկո Ռուբիոն հաստատել է, որ արդեն ստանձնել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) տնօրենի պաշտոնակատարի գործառույթները և նշել, որ գործակալությունից իր հիասթափությունը գալիս է դեռևս Կոնգրեսում աշխատելու տարիներից. նա գործակալությունը նկարագրել է որպես «բոլորովին չարձագանքող»: Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է արձագանքի Պետքարտուղարության քաղաքականության հրահանգներին, սակայն «հրաժարվում էր դա անել»։

Նա շարունակել է քննադատել գործակալության աշխատանքը՝ նշելով, որ նրանք ծախսում են ամերիկացի հարկատուների գումարները, հետևաբար, յուրաքանչյուր ծրագիր, որ նրանք ֆինանսավորում են, պետք է համապատասխանի ԱՄՆ ազգային շահերին։

Ռուբիոն հրաժարվել է պատասխանել, թե արդյոք գործակալությունը «պետք է մեռնի», ինչպես առաջարկում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը՝ փոխարենը շեշտելով, որ նպատակը միշտ եղել է այն բարեփոխել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներին տրամադրվող օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին։