04 Փտր
2025
9.4° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԶՊՄԿ-ի աշխատակիցները շարունակում են գործադուլը, իսկ ի՞նչ էր առաջարկել կոմբինատը․ ABCmedia-ն զրուցել է ԶՊՄԿ մամուլի պատասխանատու Արայիկ Մարգարյանի հետ

ԶՊՄԿ-ի աշխատակիցները շարունակում են գործադուլը, իսկ ի՞նչ էր առաջարկել կոմբինատը․ ABCmedia-ն զրուցել է ԶՊՄԿ մամուլի պատասխանատու Արայիկ Մարգարյանի հետ

Այսօր 5-րդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատակիցները գործադուլ են անում։ Թե հստակ քանի քաղաքացի է միացել գործադուլին, հստակ չէ, տարբեր թվեր են շրջանառվում՝ 700-ից մինչև 200։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ ԶՊՄԿ մամուլի պատասպանատու Արայիկ Մարգարյանի խոսքով՝ 2024 թվականին եղել է բարձրացում։

«2024 թվականի սեպտեմբերից ընկերությունը նախաձեռնել է աշխատավարձերի բարձրացում և համահարթեցում։ Ժամանակի ընթացքում ստացվել էր այնպես, որ նույն աշխատանքը կատարող մասնագետները ստանում էին տարբեր աշխատավարձեր, ինչը արդար վերաբերմունք չէր։ Եվ ընկերությունը նախաձեռնել է աշխատավարձի բարձրացում․ օրինակ՝ եթե նույն աշխատանք կատարողներից մեկը ստացել է 400 000 դրամ, մյուսը 300 000դրամ, բարձրացումից հետո երկուսն էլ ստացել են 450 000 դրամ։ Այս դեպքում տոկոսային առումով տարբեր չափով են բարձրացել աշխատավարձերը, բայց հավասար ու արդարացի լուծում է տրվել։ Աշխատակիցները դեմ են այսկերպ բարձրացմանը և պահանջում են բոլորինը 50 տոկոսով բարձրացնել։ Կոմբինատի որոշմամբ՝ պահանջը անիրատեսական է»,- նշեց ԶՊՄԿ մամուլի պատասխանատու Արայիկ Մարգարյանը։

Կոմբինատի աշխատակիցները, բացի աշխատավարձի բարձրացում պահանջելուց, նաև հավելավճարներ են պահանջում։ Նրանց խոսքով՝ աշխատանքը բավական ծանր է, վարձատրությունը՝ քիչ։

«Մենք ուզում ենք մարդկային պայմաններ ստեղծվեն մեզ համար»,- նշեց գործադուլ կատարած քաղաքացիներից Վահե Մխիթարյանը։

Աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ քվեարկության հարցաթերթիկում 2000-ից ավելի աշխատակից այո է քվերակել։ Սա աշխատակիցների շուրջ կեսն է, ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել կոմբինատը այս զարգացմանը։

«Ուրբաթ օրից մեկնարկած գործադուլը օրինական ճանապարհով չի ընթանում։ Այդ հարցաթերթիկները լրացրել են, որից հետո պետք է իրավական ճանապարհով մեկնարկեր գործադուլը։ Այս պահին չեմ կարող մանրամասներ հայտնել կոմբինատի հետագա քայերի մասին»,- նշեց Արայիկ Մարգարյանը։