
Իրանի թուլացումը հնարավորություն է ընձեռում Թուրքիային և Ադրբեջանին կյանքի կոչելու «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը. RFI
Քանի որ Իրանն անհաջողություններ է կրում Սիրիայում և Լիբանանում, տարածաշրջանային մրցակիցներ Ադրբեջանը և Թուրքիան ուժեղացնում են ջանքերը՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի միջոցով իրենց ռազմավարական նպատակները կյանքի կոչելու համար: «Զանգեզուրի միջանցքի» բացումն արգելափակում էր Թեհրանի կողմից․ գրել է RFI-ը (Radio France Internationale): Ինչպես նշվել է, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հունվարին հանդիպել են ինչպես Բաքվում, այնպես էլ Ստամբուլում՝ տնտեսական և առևտրային համագործակցությունը խորացնելու ջանքերի շրջանակում։
Այդ նպատակների առանցքը «Զանգեզուրի միջանցք» կոչվող երթուղու ստեղծման ծրագիրն է, որը կկապի Ադրբեջանը Թուրքիային սահմանակից Նախիջևանի ինքնավար շրջանին:
Միջանցքը, որը կանցնի Հայաստանի տարածքով, Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային ուղի մշակելու թուրք-ադրբեջանական տեսլականի մի մասն է:
Իրանը կտրականապես դեմ է առաջարկվող 40 կմ երկարությամբ միջանցքին, քանի որ, ինչպես պնդում են դիտորդները, վախենում է, որ այն կկտրի այն կենսական ուղին, որն օգտագործում է իր դեմ պատժամիջոցները շրջանցելու համար:
Իրանի դաշնակից Հայաստանը նույնպես դեմ է միջանցքին՝ դիտարկելով դա որպես իր տարածքի վրա հավակնություններ։ Սակայն, Իրանը թուլացել է Սիրիայում և Լիբանանում անհաջողություններից , ինչի ֆոնին Բաքուն և Անկարան իրենց ծրագիրն առաջ մղելու հնարավորություն են տեսնում:
«Ավելի թույլ Իրանը մեծ հնարավորություն է Թուրքիայի համար Կովկասում», – նշել է Աթիլլա Եսիլադան ՝ Global Source Partners-ի թուրք վերլուծաբանը:
«Հայաստանը դիմադրում Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը միայն այն պատճառով, որ Իրանը խոստացել է այն ռազմական ճանապարհով պաշտպանել», – նշել է փորձագետը:
Սակայն, քանի որ Իրանը գտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ճնշման տակ , Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են ավելի քիչ լուրջ վերաբերել Իրանի սպառնալիքներին, պնդում է Եսիլադան:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով Իրանի տարածաշրջանային անհաջողությունները և Վաշինգտոնի կողմից ճնշումների մեծացման վտանգը, Թեհրանին տարածաշրջանում բարեկամներ են պետք:
Հունվարին Իրանը, կարծես թե, մեղմել է իր ընդդիմությունը, և իրանցի բարձրաստիճան դիվանագետներից մեկը հայտարարել է, որ «Զանգեզորի միջանցքի» դեմ ընդդիմությունն այլևս առաջնահերթություն չէ: Թեհրանի ակնհայտ մեղմացումը համընկնում է Մոսկվայի հետ նրա հարաբերությունների խորացման հետ։
Մոսկվան աջակցում է «Զանգեզորի միջանցքին»՝ որպես միջազգային պատժամիջոցները շրջանցելու միջոց ՝ ստեղծելով նոր առևտրային ուղիներ այն երկրների միջով, որոնք չեն կիրառում դրանք:
«Ռուսաստանը հիմնականում վերակառուցում է իր ողջ լոգիստիկ ցանցը, և այս միջանցքը հյուսիսից հարավ այս նոր ցանցի պոտենցիալ կարևոր մասն է», – նշել է Տատյանա Միտրովան՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի գիտաշխատողը:
Վերլուծաբանները ենթադրում են, որ Վաշինգտոնը մինչ այժմ զսպում էր Թուրքիայի և Ադրբեջանի մտադրությունները։
Այնուամենայնիվ, Թրամփի նոր վարչակազմը դեռ չի դիրքավորվել միջանցքի նախագծի վերաբերյալ:
Եթե Անկարան կենտրոնացնի իր ջանքերը ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունները վերականգնելու վրա, ապա դիվանագիտական ձեռքբերումները կարող են գերազանցել «Զանգեզուրի միջանցքի» տնտեսական օգուտները, նշել է Վաշինգտոնում գտնվող Brookings ինստիտուտից Ասլի Այդինթասբասը: