05 Փտր
2025
9.2° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի սահմանային անվտանգության օպերացիան մեկնարկել է ՌԴ-ի հետ լարվածության աճի և արտաքին քաղաքականության տեղաշարժերի ֆոնին

Ադրբեջանի սահմանային անվտանգության օպերացիան մեկնարկել է ՌԴ-ի հետ լարվածության աճի և արտաքին քաղաքականության տեղաշարժերի ֆոնին

Ադրբեջանը Ռուսաստանի հետ իր հյուսիսային սահմանի երկայնքով սկսել է անվտանգության լայնածավալ օպերացիա՝ «Սահմանային վահան», որի նպատակն է «պայքարել անդրազգային կազմակերպված հանցավորության, ահաբեկչության և ապօրինի զենքի ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»: Այն ժամանակը, որն ընտրվել է օպերացիայի իականացման համար, աշխարհաքաղաքական հարցեր է առաջացնում: Նախաձեռնությունը հաջորդում է Բաքվի և Մոսկվայի միջև աճող լարվածության շրջանին, երբ վերլուծաբանները ենթադրում են, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է հիասթափված տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Ռուսաստանի մոտեցումներից, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ նրա դիրքորոշումից. գրել է  Bne IntelliNews տեղեկատվական պարբերականը։

Ըստ ներկայացված վերլուծության՝ Բաքուն Մոսկվայի քաղաքականությունը համարում է ոչ բավարար չափով իր շահերին համապատասխան: Այս համատեքստում՝ սահմանային գործողությունը կարող է մեկնաբանվել որպես Ադրբեջանի պատրաստակամության ազդանշան՝ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու իր անվտանգության միջավայրի վրա:

Թեև Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ «Սահմանային վահանն» անվտանգության ստանդարտ գործողություն է, դրա մասշտաբներն ու նպատակները ցույց են տալիս ավելի լայն օրակարգ: Գործողությունը նպատակ ունի բացահայտել և չեզոքացնել անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի և ահաբեկչական կազմակերպությունների անդամներին, խաթարել զենքի, պայթուցիկ նյութերի և թմրամիջոցների մաքսանենգության ուղիները և կանխել անօրինական ֆինանսական հոսքերը, որոնք կարող են աջակցել հանցավոր և ծայրահեղական գործունեությանը: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ֆոնը՝ որոշ դիտորդներ դա տեսնում են որպես սահմանամերձ շրջանների նկատմամբ իր ինքնիշխանության ամրապնդման Բաքվի ռազմավարության մաս, այն ժամանակ, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները գնալով ավելի անորոշ են:

Բացի այդ՝ օրեր առաջ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը և Ներքին գործերի նախարարությունը ոչնչացրել են ծայրահեղական ցանց, որը ենթադրաբար կապված է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ: Գործողության ընթացքում մի քանի զինյալ սպանվել է անվտանգության ուժերի դեմ զինված դիմադրություն ցույց տալուց հետո, իսկ մյուսները ձերբակալվել են։ Իրավապահները առգրավել են զենքի զգալի պաշար, այդ թվում՝ Կալաշնիկովի ինքնաձիգեր, պայթուցիկներ և հեռահար պայթեցման սարքեր՝ մտահոգություն առաջացնելով տարածաշրջանում ծայրահեղականների գործունեության ծավալների վերաբերյալ։

Այն փաստը, որ գործողությունը հրապարակայնորեն բացահայտվել է միայն ամիսներ անց, խթանել է ենթադրություններն այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները դառնում են ավելի վճռական անվտանգության սպառնալիքները ինքնուրույն կառավարելու հարցում՝ առանց Ռուսաստանի աջակցությունը հայցելու:
Ադրբեջանի անվտանգության գործողությունների հիմքում ընկած հիմնական մտահոգություններից մեկը «Անտառային եղբայրներ» ջիհադիստական խմբավորման վերածնունդն է, որն ի սկզբանե գործում էր Ռուսաստանի Դաղստանի շրջանում՝ որպես Կովկասյան էմիրության շարիաթի ջամաաթի մաս: Խումբը և՛ Դաղստանում, և՛ Ադրբեջանում իրավապահների դեմ հարձակումներ սկսելու, ծայրահեղական գաղափարախոսության քարոզչության և անդրազգային զինյալների գործունեությանը նպաստելու պատմություն ունի:

«Սահմանային վահանի» գործարկումը համընկնում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության ավելի լայն տեղաշարժերի հետ։ Թեև Բաքուն երկար ժամանակ համագործակցում է Մոսկվայի հետ անվտանգության հարցերում, վերջին դիվանագիտական հակասությունները հուշում են, որ նա այժմ վերագնահատում է իր կախվածությունը Ռուսաստանից:

Հունվարին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությունը սրվել է ադրբեջանական AZAL մարդատար ինքնաթիռի մահացու ավիավթարի չլուծված հետաքննության պատճառով: Ինքնաթիռի վթարը, որը հանգեցրել է 38 զոհի, բերել է Ադրբեջանի մեղադրանքներին, որ Ռուսաստանը թաքցնում է միջադեպի վերաբերյալ կարևոր տեղեկությունները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դոնալդ Թրամփի երկրպագուն է, ով նաև Ալիևի նախկին փեսայի՝ Էմին Ագալարովի անձնական ընկերն է։ Կարևոր է նաև Թուրքիայի և Իսրայելի հետ կապերի խորացումը, և Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը։