![ԼՂ-ի հակամարտության ժամանակ ՌԴ-ի համեստ պահվածքը թույլ տվեց Ալիևին ռազմական գործողություն իրականացնել․ Զատուլին ԼՂ-ի հակամարտության ժամանակ ՌԴ-ի համեստ պահվածքը թույլ տվեց Ալիևին ռազմական գործողություն իրականացնել․ Զատուլին](https://abcmedia.am/wp-content/uploads/2025/02/5273739164384356353.jpg)
ԼՂ-ի հակամարտության ժամանակ ՌԴ-ի համեստ պահվածքը թույլ տվեց Ալիևին ռազմական գործողություն իրականացնել․ Զատուլին
Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Свободная Пресса»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրված 1 մլն դոլար օգնությունը, նշել է, որ դա տարօրինակ է թվում միայն նրանց, ովքեր չեն վերլուծել Բաքվի քաղաքականությունը։
«Այո՛, Ադրբեջանը շահում է Ռուսաստանի հետ շփումներից ոչ միայն տնտեսական առումով, այլ նաև՝ քաղաքական։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ մեր համեստ պահվածքը թույլ տվեց Ալիևին 2023 թվականին այնտեղ ռազմական գործողություն իրականացնել։ Իսկ հիմա Բաքվում սկսվում է Ղարաբաղի գերի ընկած ղեկավարների դատավարությունը», – նշել է Զատուլինը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը խաղում է իր սեփական խաղը, և միևնույն ժամանակ, այն անշուշտ թուրքական ազդեցության խողովակ է։ Անկարայի հետ դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի համեմատ առաջնահերթություն են Բաքվի համար։
«Ես կոչ չեմ անում խզել շփումները Բաքվի հետ։ Բայց պարզապես պետք է հասկանալ, թե որոնք են Ադրբեջանի ներկայիս ղեկավարության առաջնահերթությունները։ Այն իսկապես ցանկանում է հաճոյանալ Արևմուտքին և, մասնավորապես, Մեծ Բրիտանիային, որն այս տարածաշրջանի իրադարձությունների ավանդական մասնակիցն է։ Բաքվի վարչակազմը շատ է ցանկանում գոհացնել ամերիկյան նոր վարչակազմին: Այն ուղղված է դեպի Թուրքիա, և կարելի է հարցնել, թե որքանո՞վ է այդ կողմնորոշումը կամավոր։ Դա կարող է նաև պարտադրվել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն իր զինված ուժերը գործնականում դրել է Թուրքիայի տրամադրության տակ», – նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ, Ադրբեջանը հանդես է գալիս որպես Ռուսաստանի օգնական, երբ խոսքը վերաբերում է Եվրոպա գազի մատակարարմանը։ Իրականում Ադրբեջանը մրցակից է, քանի որ իր համար վերանայում է ՌԴ պայմանագրերը, բայց պատժամիջոցների պայմաններում՝ ՌԴ-ի համար ձեռնտու է նաև ածխաջրածիններ վաճառել այս հանրապետության միջոցով։
Անդրադռնալով ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը՝ Զատուլինը նշել է, որ նախագահ Ալիևն այս հարցում չի խնայում ՌԴ-ին։ «Նրա պահվածքը կտրուկ հակասում է Մոսկվայի պահվածքին, երբ նրանք խոցեցին մեր ուղղաթիռը և դարանակալած սպանեցին մեր խաղաղապահներին։ Իսկ հիմա Ալիեւն այս ինքնաթիռի ֆոնին անընդհատ հակառուսական զգացմունքներ է խարխափում», – ընդգծել է պատգամավորը։