
Գործադուլ օր 9-րդ. ի՞նչ են պատմում քաղաքացիները
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները 9-րդ օրն է՝ գործադուլ են հայտարարել։ Այսօրվա հիմնական պահանջների առաջնահերթությունները փոքր-ինչ փոխվել են. պահանջում են դարձյալ աշխատանքի ընդունել երեկ ազատված իրենց գործընկերներին։
«Մեր գործընկերները պետք է վերադառնան։ Ինչու՞ են անհիմն ազատել նրանց աշխատանքից։ Ի՞նչ՝ հիմա ով բողոքն արտահայտել է, պետք է ազատե՞ն։ Փոխանակ մեծամասնության պահանջին ընդառաջեն, մեր շարքերն են փորձում նոսրացնել»,- նշում են գործադուլ հայտարարած աշխատակիցները` չցանկանալով ներկայանալ։
Բացի այդ՝ աշխատավարձերի վերանայման պահանջը մնում է անփոփոխ։ Նրանք ցանկանում են վերականգնել սոցիալական արդարությունը։
«Տասնյակ տարիներ աշխատում ենք, բայց իրենց հրապարակած գումարները երբևէ չենք տեսել։ Հարկերը դուրս են գալիս, տակը բան չի մնում։ Ինչու՞ են այդպես վարվում»,- նշում են գործադուլավորները։
Երեկ ԶՊՄԿ ղեկավարների հետ նախատեսված հանդիպումը չի կայացել, փոխարենը ոստիկանները բանակցել են կառավարության անունից ու փոխանցել՝ կառավարությունը աջակցում է իրենց։ 9 օր տևած գործադուլի ընթացքում, սակայն, Կառավարությունից այլ իրավասու անձ գործադուլավորների հետ չի հանդիպել, քննարկում չի ունեցել։
«Կառավարություն, որտե՞ղ ես»,-հարցնում են աշխատակիցները։
Նրանք պահանջում են նաև ստեղծել խումբ, որը վեր կհանի նրանց խնդիրներն ու կներկայացնի ղեկավարներին։
«Բայց այնպիսի մարդ պետք է լինի, որ ոչ թե նշանակովի լինի, այլ մեզ պես աշխատած, մեր խնդիրներին, կարիքներին ծանոթ»։
Գործադուլ հայտարարած քաղաքացիները նշեցին նաև, որ իրենց այս առաջարկը արդեն ընդուված է։
Հիշեցնենք՝ երեկ ԶՊՄԿ-ն հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով՝ 8 մարդ ազատվել է աշխատանքից։