
Ո՞վ է Լիբանանի նորընտիր կառավարության հայ նախարարն ու ի՞նչ է հայտնի նրա մասին
Լիբանանի նորընտիր կառավարության Երիտասարդության և սպորտի նախարար է նշանակվել լիբանանահայ պրոֆեսոր Նորա Բայրաքթարյանը: Նա միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է, Լիբանանի համալսարանի Իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչը։ Նորանշանակ նախարարը նաև Իրավագիտության, քաղաքական, վարչական և տնտեսական գիտությունների դոկտորական դպրոցի գիտական խորհրդի անդամ է։ Նախարարը միջազգային հարաբերությունների ավագ դասախոս է Բեյրութի Ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և հանրային կառավարման ամբիոնում։ Լիբանանի տնտեսական, սոցիալական և բնապահպանական խորհրդի անդամ էր` Խորհրդում գիտության, տեխնոլոգիաների և նորարարության հանձնաժողովի նախագահ։
Բայրաքթարյանը ակտիվ գործունեություն է ծավալել նաև հայ համայնքում. Կիլիկիո կաթողիկոսության Կենտրոնական կոմիտեի անդամ է։
Նա ավարտել է Լիբանանի համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետը, նախ ստացել բակալավրի, ապա մագիստրոսի կոչում։ Ստացել է կրթաթոշակ` Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնից կողմից։ Պաղեստինի մասին նրա գիտական աշխատանքն արժանացել է ֆակուլտետի ամենաբարձր գնահատականին:
Այնուհետև հաճախել է Սորբոնի համալսարան և ստացել է միջազգային հարաբերությունների դոկտորի կոչում՝ պրոֆեսոր Չարլզ Զորգբիբեի ղեկավարությամբ, որը միջազգային հարաբերությունների ոլորտում ավելի քան 40 գրքերի հեղինակ է: 2017թ.-ին նա ստացել է Լիբանանի համալսարանի պրոֆեսորի կոչումը:
Պոֆեսոր Բայրաքթարյանն այժմ Լիբանանի Համալսարանի Իրավագիտության և քաղաքագիտության Ֆակուլտետի միջազգային հարաբերությունների ամբիոնի նախագահն է և երեք անգամ անընդմեջ ընտրվել է գիտական խորհրդի անդամ։ 2006 թվականին որպես հրավիրյալ պրոֆեսոր աշխատել է Սեն-Ժոզեֆ համալսարանում, ինչպես նաև ավելի քան 10 տարի Սաժեսի համալսարանում։
Հայազգի նախարարը 2007-2020 թվականներին դասավանդել է Լիբանանի Զինված ուժերի ռազմական ֆակուլտետում։
Բայրաքթարյանը բազմաթիվ գրքերի հոդվածների հեղինակ է։