
Իր հոդվածով Փաշինյանն Ալիևին հրավիրել է շարունակելու բանակցությունները և «վատ չմտածել Հայաստանի մասին»․ EADaily
«Խաղաղության վերաբերյալ Փաշինյանի վերջին թեզերը նորություն չեն, սակայն ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանի վարչապետը հարկ է գտել արձագանքել ադրբեջանական կողմից եկող ռազմատենչ վերջնագրերի հոսքին․ գրել է EADaily–ին՝ մեկնաբանելով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ներկա փուլին մասին Փաշինյանի հոդվածը, որը հրապարակվել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կայքում։
«Մեր տեսանկյունից՝ Փաշինյանը որոշել է վերհիշել իր արդեն հայտնի «խաղաղության մանիֆեստի» հիմնական թեզերը Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովի մեկնարկից առաջ։ Այն տեղի կունենա փետրվարի 14-ից 16-ը և կներառի, ինչպես նախկինում, կարծիքների փոխանակման լայն շրջանակ քաղաքական գործիչների և փորձագետների միջև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Այսօրվա դրությամբ՝ գերմանական Բավարիայում կայանալիք այս միջոցառմանը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացվածության վերաբերյալ լայն հանրության համար լիարժեք հստակություն չկա», – գրել է կայքը։
Նշվել է, որ անցյալ տարի և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևն անձամբ մասնակցել են համաժողովին և անցկացրել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կազմակերպած հանդիպումը։ Քաղաքական ամենաբարձր մակարդակով շփումից հետո Անդրկովկասի երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է բանակցությունների նոր փուլ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ։ «Թերևս իր հոդվածով Փաշինյանը մի տեսակ հրավեր է ուղարկում Ալիևին՝ շարունակելու «մյունխենյան խորհրդակցությունները» և միևնույն ժամանակ «վատ չմտածել Հայաստանի մասին»։ Այսպես թե այնպես, բայց փաստացի հեռակա դիմելով Իլհամ Ալիևին՝ հավաստիացումներով, որ Հայաստանը ռազմական վրեժխնդրության պլաններ չունի, Նիկոլ Փաշինյանն անմիջապես երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այնտեղ նա կմասնակցի արհեստական ինտելեկտի վերաբերյալ գագաթնաժողովին և կհանդիպի նախագահ Էմանուել Մակրոնին», – գրել է կայքը։