24 Փտր
2025
-5.6° c ԵՐԵՎԱՆ
-10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է Միջազգային քրեական դատարան՝ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է Միջազգային քրեական դատարան՝ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով:

«Հայցը ներկայացվել է ֆրանսիացի փաստաբան Սևագ Թորոսյանի միջոցով, որը Փարիզի փաստաբանների կոլեգիայի և ՄՔԴ-ին առընթեր փաստաբանական պալատի անդամ է:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը հանգեցրել են 120 000 հայերի բռնի տեղահանման և նրանց դարավոր մշակութային ժառանգության կորստի:

Խորհուրդը պահանջում է, որ ՄՔԴ դատախազը, Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն, ձեռնարկի հետևյալ քայլերը.

–Ճանաչել 2020-2023թթ.ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների քննությունը սկսելու համար բավարար հիմքերի առկայությունը:

–Դատարանի նախնական պալատ ուղարկել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՄՔԴ տարածքային իրավասության հարցը:

–Իլհամ Ալիևի, ինչպես նաև 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին բոլոր մեղսակիցների ձերբակալման միջազգային օրդեր տալ։

CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանն ավելի վաղ կոչ էին արել Ֆրանսիայի կառավարությանը դիմել ՄՔԴ, սակայն, նրանց խոսքով, Արևմուտքը մինչև հիմա վճռականություն չի ցուցաբերել:

«1915 թվականից ի վեր սա արդեն երկրորդ անգամն է, երբ հայերը բախվում են արդարադատության այսօրինակ մերժման։ Նման իրավիճակն անթույլատրելի է», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։