
Աբխազիայի հայ համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը՝ իրենց անվտագութունն ապահովելու խնդրանքով
Աբխազիայի հայ համայնքը Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի միջոցով դիմել է Հայաստանի կառավարությանը՝ խնդրելով պաշտոնապես դիմել չճանաչված հանրապետության իշխանություններին, թեկուզ ժամանակավոր՝ հայ բնակչության պաշտպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու պահանջով։ Այս տեղեկությունը տարածվել է սոցիալական ցանցերի հայկական հատվածում և պահանջում է հաստատում։ Այնուամենայնիվ, աբխազահայերը կարծում են, որ տեղի քաղաքական ընդդիմությունը սերտ կապեր ունի թուրք արմատական ազգայնականների և թուրքական գաղտնի ծառայությունների հետ։
Արդյունքում՝ աճող ճնշումների ներքո ընդդիմությունը տեղի հայերին դիտարկում է որպես Թուրքիայի աջակցությամբ իշխանությունը զավթելու խոչընդոտ և կազմում է «սև ցուցակներ»՝ նրանց դեմ սադրանքներ նախապատրաստելու համար։
Դիմումի հեղինակները մտահոգություն են հայտնում նաև հայ համայնքի դեմ հնարավոր ջարդերի և բռնությունների վերաբերյալ։ Ըստ լրատվամիջոցների՝ հայերի հետապնդման հիմնական նախաձեռնողներն են Աբխազիայի ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի նախագահ Լևան Միկաան և Աբխազիայի ժողովրդական շարժման նախագահ, հանրապետության նախագահի թեկնածու Ադգուր Արձինբան։
Ավելի վաղ Insider Abkhazia Telegram ալիքը հրապարակել էր փաստաթղթեր, որոնք բացահայտում էին Թուրքիայի ծայրահեղ ազգայնական Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ և Էրդողանի հիմնական դաշնակից Դևլեթ Բահչելիի ծրագիրը, որն ուղղված է Աբխազիայի հայերի դեմ: Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին ուղղված նրա պաշտոնական նամակը նախանշում էր հստակ ռազմավարություն, ներառյալ հետևյալ քայլերը՝ տվյալների փոխանցում Ադրբեջանին, թուրքամետ քաղաքական գործիչների ներգրավում և գործակցություն աբխազ առաջնորդների հետ հայկական ազդեցությունը թուլացնելու նպատակով, պետական աջակցության մոբիլիզացում՝ օգտագործելով թուրքական պետության ռեսուրսները այս ծրագրի իրականացման համար։ Հայերը Աբխազիայի մեծությամբ երկրորդ էթնիկ խումբն են։ Հայ համայնքը կազմում է չճանաչված հանրապետության բնակչության մոտ 17%-ը կամ մոտ 40 հազար մարդ։