19 Փտր
2025
9° c ԵՐԵՎԱՆ
0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանն այս տարի ակնկալում է 200 միլիոն դոլարի հրթիռային գործարք կնքել  Ֆիլիպինների հետ․ Reuters

Հնդկաստանն այս տարի ակնկալում է 200 միլիոն դոլարի հրթիռային գործարք կնքել  Ֆիլիպինների հետ․ Reuters

Հնդկաստանն ակնկալում է 2025 թվականին Ֆիլիպիններին ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ կարճ հեռահարության հրթիռներ վաճառել. Reuters-ին հայտնել են հնդկական աղբյուրները։

Հնդկաստանի պաշտպանական հետազոտական մարմնի կողմից մշակված Akash հրթիռային համակարգը հետաքրքրություն է առաջացրել Ֆիլիպիններում։ Նրանք Նյու Դելիին հայտնել են, որ պատվեր կկատարեն ապրիլին սկսվող ֆինանսական տարում. նշել են երեք աղբյուր:

Բոլոր աղբյուրները խոսել են անանունության պայմանով, քանի որ հարցը զգայուն է։ 

Մինչև 25 կմ հեռահարությամբ «երկիր-երկինք» հրթիռային համակարգը Հայաստան է արտահանվել 2024 թվականին՝ 230 միլիոն դոլար արժողությամբ գործարքով. հայտնում են աղբյուրները՝ հավելելով, որ ակնկալվում ֆիլիպիններին վաճառքն ավելի մեծ կլինի, քան՝ հայերինը։

Այնուամենայնիվ, նրանք չեն բացահայտել հրթիռների և ուղեկցող համակարգերի, այդ թվում՝ ռադարների թիվը։

Հրթիռներ արտադրող հնդկական Bharat Dynamics-ը 2024 թվականին Մանիլայում Ասիական պաշտպանության և անվտանգության ցուցահանդեսի մասնակիցներից մեկն էր:

Ընկերությունը և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն անմիջապես չեն արձագանքել մեկնաբանության հարցումներին:

Ֆիլիպինների պաշտպանության խոսնակ Արսենիո Անդոլոնգը հրաժարվել է մեկնաբանել որևէ գործարքի առանձնահատկությունները կամ գնումների պլանները, սակայն նշել, որ երկրի զինված ուժերին «պետք են այդ հնարավորությունները»:

Ակնկալվող գործարքը կհետևի Հնդկաստանի կողմից 2022 թվականին Ֆիլիպիններին միջին հեռահարության BrahMos գերձայնային թևավոր հրթիռի 375 միլիոն դոլարի վաճառքին:

Գնումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Մանիլան զարգացնում է իր ռազմական հզորությունը, քանի որ լարվածությունը սրվում է Պեկինի հետ՝ կապված Հարավչինական ծովի բանուկ ջրուղու վրա համընկնող պահանջների հետ, որտեղ վերջին տարիներին բախվում են երկու երկրների շահերը։ 

Ֆիլիպինների զինված ուժերի ղեկավարը հայտարարել  է, որ երկիրը ձգտում է գնել ավելի շատ ռազմական տեխնիկա՝ իր զինանոցը արդիականացնելու համար, ներառյալ լրացուցիչ BrahMos հրթիռներ Հնդկաստանից և առնվազն երկու սուզանավ: 

Հնդկաստանը զենքի ամենամեծ ներկրողն է աշխարհում, բայց ուժեղացնում է ներքին արտադրությունը և պաշտպանական արտահանումները՝ հակազդելու Չինաստանի ռազմական ուժին և ազդեցությանն իր հարևան երկրների վրա, այն բանից հետո, երբ նրանց զորքերը բախվել են Հիմալայների սահմանին 2020 թվականին:

Հնդկաստանի պաշտպանական սարքավորումների, այդ թվում՝ զենքի և զինամթերքի արտահանումը 2020 թվականից ի վեր աճել է գրեթե 150 տոկոսով՝ հասնելով 2,4 միլիարդ ԱՄՆ դոլարի 2024 թվականի մարտին ավարտված ֆինանսական տարում:

Այնուամենայնիվ, նրա զենքի արտահանումն ավելի ցածր է, քան այնպիսի երկրների, ինչպիսիք են Ավստրալիան և Հարավային Կորեան, և շատ ավելի ցածր է Չինաստանից, որն աշխարհում զենք արտահանող չորրորդ երկիրն է։