
Գերմանիայի կանցլերի թեկնածուն նոր պարտքային ճգնաժամ է կանխատեսել Եվրոպային համար
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ, Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքից կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը Եվրոպայի համար նոր պարտքային ճգնաժամ է կանխատեսել եվրոպական Politico հրատարակությանը տված հարցազրույցում։
«Մենք չենք կարող այնքան անփույթ լինել մեր պետական ֆինանսների հետ, որքան ոմանք կարող են անել, և նույնիսկ այլ երկրների (պետական ֆինանսների) հետ: Ես լրջորեն անհանգստանում եմ», – նշել է Մերցը:
Ինչպես նշում է հրատարակությունը, քաղաքական գործիչը չի պարզաբանել, թե ԵՄ ո՞ր երկրների մասին է խոսքը, սակայն միանգամից մի քանի երկրներ՝ Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Բելգիան, Իսպանիան և Պորտուգալիան, ունեն պետական պարտքի մակարդակ, որը գերազանցում է իրենց տարեկան ՀՆԱ-ն։ Մերցի խոսքերով՝ «նոր ֆինանսական ճգնաժամ հաստատ սպասվում է»: «Դա կլինի սուվերեն պարտքային ճգնաժամ, մենք չգիտենք, թե ե՞րբ այն կգա, մենք չգիտենք, թե ի՞նչն այն կառաջացնի, բայց այն գալիս է»,- հավելել է ՔԴՄ նախագահը։
Մերցը, ով Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններից հինգ օր առաջ առաջատար է ընտրություններում, համարվում է Գերմանիայի նոր կառավարության ղեկավարի գլխավոր հավակնորդը։ Ինչպես նշել է Politico-ն, ԵՄ-ի մոտալուտ պարտքային ճգնաժամի մասին Մերցի մեկնաբանությունները տեղի են ունենում նախընտրական մրցավազքի քննարկումների ֆոնին, թե արդյո՞ք Գերմանիան պետք է դադարեցնի իր բյուջետային կանոնը, որը սահմանափակում է պետական ծախսերը պարտքային փոխառությունների միջոցով ֆինանսավորելու հնարավորությունը: Սոցիալ-դեմոկրատները և Կանաչները, որոնք պահպանողականների պոտենցիալ գործընկերներն են ապագա կոալիցիոն կառավարությունում, պաշտպանում են բյուջեի կանոնների մեղմացումը: Politico-ին տված հարցազրույցում Մերցը չի բացառել նման բարեփոխումը, սակայն նշել է, որ առաջնահերթություն է համարում կառուցվածքային փոփոխությունները միգրացիայի և գործազրկության ոլորտում: