23 Փտր
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
-5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում գործածությունից դուրս բերված ավտոբուսները մարզերում շահագործվել չեն կարող․ քաղաքապետարանի պարզաբանումը

Երևանում գործածությունից դուրս բերված ավտոբուսները մարզերում շահագործվել չեն կարող․ քաղաքապետարանի պարզաբանումը

Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում էին Երևանի հին, գործածությունից դուրս բերված ավտոբուսները։ Դրանք կանգնած են մեկ վայրում և սպասում են խոտանվելու իրենց հերթին։ Տեսանյութի մեկնաբանություններում շատերն արձագանքել էին, հիշեցրել, որ մարզերում ևս տրանսպորտի խնդիր կա և առաջարկել էին Երևանում այլևս չշահագործվող ավտոբուսները վերանորոգել և ուղարկել մարզեր:

ABC media-ն փորձել է պարզել՝ արդյոք դա հնարավոր է։

«Մանուշակագույն ավտոբուսների խմբաքանակը եղել է 250-ի մոտ։ Դրանք արդեն 10 տարուց ավելի տարիք ունեն, մեծ մասը շարքից դուրս է եկել ու շահագործման ենթակա չէ։ Վերջին փոփոխությունների ընթացքում դրանցից առանձնացվել են 103-ը, որոնք հնարավոր է շահագործել։ Այդ ավտոբուսները տեղաբաշխվել են մոտ 10 երթուղիներում»,-պարզաբանել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի՝ մնացած ավտոբուսները, որոնք երևում էին տարածված տեսանյութում, պարզապես շահագործման ենթակա չեն, դրանք և՛ ֆիզիկապես են շարքից դուրս եկել, և՛ բարոյապես են մաշված։ «Դրանց վրա կատարվող ծախսերն ահռելի են և ոչ մի նպատակահարմարություն չկա նմանատիպ ծախս անելու։ Այդ ծախսով կարելի է նոր ավտոբուս ձեռք բերել։ Նշված ավտոբուսները պատկանում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, դրանց մասով հանձնաժողով է ձևավորվել, որպեսզի դուրս գրման գործընթացն իրականացվի»,-ասել է քաղաքապետարանի պաշտոնյանը։

Հարությունյանը նաև հիշեցրել է գործող օրենսդրությունը՝ ըստ որի որպես 10 տարի շահագործված տրանսպորտային միջոցն այլևս որպես հասարակական տրանսպորտ շահագործվել չի կարող։