
«Իրական Հայաստան» «կերտող» Փաշինյանը պարզամիտ է ձևանում, թեև իրականում հասկանում է, թե ինչ է խոսում․ EADaily
Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում տեղի է ունեցել երկու հանդիպում, որոնք կարող էին մեծապես փոխել Ադրբեջանի և Հայաստանի, գուցե նույնիսկ ողջ Անդրկովկասի ապագան. գրել է EADaily-ին:
Այս օրը ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն՝ ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչը և Անկարայի ու Երևանի միջև 2008-2010 թվականներին «ֆուտբոլային դիվանագիտության» մասնակիցը, երկու հանդիպում է անցկացրել։ Դրանցից մեկը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ էր, ով դիվանագիտորեն ակնարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերացնելու անհրաժեշտության մասին։ Բացի այդ՝ Բայրամովը մատնանշել է հայկական օրենսդրությունը, որը, ըստ պաշտոնական Բաքվի, «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։
Սինիրլիօղլուի երկրորդ հանդիպումը եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և, ինչպես Բայրամովի դեպքում, քննարկման թեման եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ «Սակայն կա նաև մեկ էական տարբերություն. պաշտոնական Բաքուն՝ որպես հաղթող, թելադրում է պայմանները, մինչդեռ Փաշինյանը նույնիսկ մտադիր չէ զինված ուժերով ազատագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության: Բնականաբար, այս մոտեցմամբ՝ Փաշինյանի կողմնակիցներն ամենևին էլ դեմ չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանը։ Ավելին, Մյունխենի համաժողովից մի քանի օր առաջ՝ փետրվարի 11-ին, Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Այսպիսով, նա ևս մեկ անգամ բացահայտել է «իրական Հայաստան» հասկացության էությունը», – գրել է կայքն՝ ընդգծելով, որ Հայաստանի վարչապետը պարզամիտ է ձևանում, թեև իրականում հասկանում է, թե ինչ է ասում։
Ավելին, նա հատուկ ընտրել է դաշնակցականների և «իրական Հայաստանի» հակառակորդների վրա հարձակվելու վայրը։ Ֆրանսիան, որտեղ «իրական Հայաստան» կերտող Փաշինյանը խոսել է դաշնակցականների մասին, մի երկիր է, որտեղ ապրում է մեծ հայկական համայնք՝ ստեղծված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության արդյունքում։ Քանի որ Փաշինյանի «իրական Հայաստանը» զուգահեռ է ընթանում Հայոց ցեղասպանության ժխտման հետ, ամենևին էլ պատահական չէր, որ նա ընտրել էր Ֆրանսիան։