23 Փտր
2025
1.3° c ԵՐԵՎԱՆ
-6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինվոդի-Երևան թռիչքը չեղարկվել է․ քաղաքացիներին հորդորում են լքել սպասասրահը

Մինվոդի-Երևան թռիչքը չեղարկվել է․ քաղաքացիներին հորդորում են լքել սպասասրահը

Առավոտյան ժամը 10։00-ից Մինվոդիի օդանավակայանում ուղևորներին սկսել են գրանցել ու պատրաստել ժամը 13։00-ին նախատեսված թռիչքին։ «Հայկական ավիաուղիների» ինքնաթիռի թռիչքը, սակայն, հետաձգվել է. նախ ասել են` 17։00-ին է լինելու, հետո՝ 14։00-ին։ Մինչ այս պահը թռիչքը չի կայացել։

«Մեզ ասացին՝ ազատեք սպասասրահը, սակայն ոչ մեկ չի պատրաստվում դուրս գալ։ Այստեղ հղի կանայք, երեխաներ, տարբեր հիվանդություններ ունեցող քաղաքացիներ կան։ Առավոտից սոված են մարդիկ, օդանավակայանում ամեն ինչ շատ թանկ է, գնել չենք կարողանում»,- ABC media-ի հետ զրույցում պատմել է ուղևորներից Լիրա Ղալայանը։

Նրա խոսքով՝ Հայաստանից ժամանած ինքնաթիռը Մինվոդիի օդանավակայանում մի քանի պտույտ տալուց հետո վայրէջք չի կատարել։ Հայկական կողմն ասում է՝ տարածք չեն տվել, Մինվոդիի օդանավակայանից էլ ասել են, թե ամեն ինչ կարգին էր, բայց վայրէջք չի կատարել։

ABC media-ն զանգահարել է «Հայկական ավիաուղիներ»՝ մեկնաբանություն ստանալու համար, սակայն զանգերն անպատասխան են մնացել։ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանն էլ նշել է, որ հարցի լուծումը իրենց տիրույթում չէ։

Ուղևորները չգիտեն՝ ինչ է սպասվում իրենց։ Օդանավակայանում առաջարկել են նոր տոմս գնել, իսկ իրենց չեղարկված թռիչքի տոմսի վճարը 14 օրվա ընթացքում միայն կփոխանցվի։ Լիրա Ղալայանի խոսքով՝ տոմսերի արժեքը եռակի թանկացել է և մինչև շաբաթ օրը սպառված են։