
Բաքուն «եռում է» ՌԴ-ի դեմ վրդովմունքից՝ միևնույն ժամանակ խորացնելով տնտեսական կապերը․ Eurasianet
Ադրբեջանի իշխանությունը դեռ եռում է ադրբեջանական ինքնաթիռի խոցման հետևանքով 38 մարդու մահվան պատասխանատվությունը ստանձնելուց Ռուսաստանի հրաժարվելու պատճառով, բայց Բաքվի զայրույթը չի խանգարում առևտրային նկատառումներին․ գրել է Eurasianet–ը:
Պետական վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական մամուլը շարունակում է վրդովմունքն ու հակակրանքը հայտնել դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ինքնաթիռի միջադեպին Ռուսաստանի արձագանքի կապակցությամբ։ Սխալն ընդունելու փոխարեն՝ ռուսական լրատվամիջոցները կրկնում էին ավիավթարի պատճառի մասին հերքված տեսությունները, մինչդեռ ռուս հայտնի պաշտոնյաները ծաղրում էին Ադրբեջանի ղեկավարներին «չափազանց զգացմունքային» լինելու համար: Փետրվարի 18-ին ադրբեջանական կայքի կողմից հրապարակված մեկնաբանության մեջ նշվել է, որ եթե Ռուսաստանը շուտով չփոխի իր դիվանագիտական ընկալումը, «Մոսկվայի դիրքը Հարավային Կովկասում կարող է շարունակել քայքայվել՝ դրդելով Բաքվին ավելի խորացնել իր դաշինքներն այլուր»:
Ալիևը, չնայած Ռուսաստանից հնչող անձնական վիրավորանքներին, առայժմ բաց է պահում իր տարբերակները։ Ադրբեջանի ղեկավարը փետրվարի 11-ին վավերացրել է 2024 թվականի վերջին կնքված համաձայնագիրն՝ ընդլայնելու Հյուսիս–Հարավ միջանցքը, որը կապում է Իրանը և Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով: 2024 թվականի երկկողմ համաձայնագիրը նախատեսում է ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացում: Իրանի գործոնը Հյուսիս–Հարավ միջանցքում Ալիևի համար կարևորագույն խնդիր է: Փետրվարի 18-ին ադրբեջանական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի պաշտոնյաները համաձայնության են եկել Իրանի տարածքում Ռեշտ–Աստարա երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ: Հայտարարությունը տեղի է ունեցել Կասպիական 3-րդ համաժողովի շրջանակում։ Երեք երկրներն առաջին անգամ հայտարարել են Ռեշտ–Աստարա երթուղին կառուցելու իրենց մտադրության մասին 2023 թվականին, սակայն շինարարությունը հետաձգվել է ֆինանսավորման և այլ լոգիստիկ հարցերի պատճառով: Պաշտոնյաները չեն հրապարակել իրենց համաձայնագրի առանձնահատկությունները՝ ներառյալ նախագծված ծախսերը և շինարարության ժամկետները: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը նշել է, որ մանրամասն պլանը շուտով կհրապարակվի։ Մոտավորապես 100 մղոն երկարությամբ երկաթուղին կկապի Աստարան Ադրբեջանի սահմանին Կասպից ծովի Ռաշտ քաղաքին՝ այդպիսով լրացնելով Հյուսիս–Հարավ երկաթուղու վերջին բացը: Կասպյան ֆորումում ունեցած ելույթում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն ասել է, որ Բաքուն պատրաստ է լրացուցիչ միջոցներ հատկացնել երկաթուղային նախագծերին, որոնք հեշտացնում են ինչպես Հյուսիս–Հարավ, այնպես էլ Արևելք–Արևմուտք առևտուրը: Նա չի նշել գումարի կոնկրետ չափը, սակայն նշել է, որ «Ադրբեջանի առևտրային կապի ընդլայնումը բոլոր ուղղություններով ազգային անվտանգության խնդիր է»: