25 Փտր
2025
-2.9° c ԵՐԵՎԱՆ
-6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Tesla-ի վաճառքը կրճատվել է գրեթե կիսով չափ Մասկի՝ ԵՄ երկրների քաղաքականությանը միջամտելու պատճառով

Tesla-ի վաճառքը կրճատվել է գրեթե կիսով չափ Մասկի՝ ԵՄ երկրների քաղաքականությանը միջամտելու պատճառով

Անցյալ ամիս Եվրոպայում Tesla-ի նոր մեքենաների վաճառքը գրեթե կրկնակի կրճատվել է, ինչը վկայում է ամերիկյան ավտոարտադրողի մեքենաների պահանջարկի նվազման մասին, քանի որ նրա գործադիր տնօրեն Իլոն Մասկը բազմիցս միջամտել է քաղաքականությանn Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում․ գրել է The Guardian-ը:

Տեխասում գտնվող ավտոարտադրողը հունվարին Եվրոպայում վաճառել է 9945 ավտոմեքենա՝ 45%-ով պակաս նախորդ տարվա 18161-ի համեմատ՝ ըստ Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) տվյալների: Tesla-ի մասնաբաժինը շուկայում 1,8%-ից իջել է մինչև 1%:

Տեխնոլոգիական միլիարդատերը, որը ԱՄՆ նախագահի մտերիմ խորհրդականն է, վերջին ամիսներին դարձել է գերմանական ծայրահեղ աջ AfD կուսակցության ակտիվ աջակիցը և հունվարին այն նկարագրել որպես Գերմանիայում «ապագայի լավագույն հույսը»:

Մասկը նաև գրառումներ է կատարել Մեծ Բրիտանիայի այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներին առնչվող սկանդալների վերաբերյալ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի սկզբին միացել է Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդներին՝ պատասխանելով սոցիալական ցանցերում Մասկի թշնամական գրառումներին, որոնք աջակցում էին ծայրահեղ աջ քաղաքական կուսակցություններին և քննադատում Եվրոպայում ձախ քաղաքական գործիչներին:

Tesla-ն անցած ամիս Գերմանիայում վաճառել է 1277 նոր մեքենա, ինչը ամսական նվազագույն ցուցանիշն է 2021 թվականի հուլիսից ի վեր: Ֆրանսիայում վաճառքներն անկում են ապրել 63%-ով, ինչը երկրում վատագույն ցուցանիշն է 2022 թվականի օգոստոսից ի վեր:

Ընկերությունը նաև գրանցել է մեքենաների ավելի քիչ վաճառք Մեծ Բրիտանիայում, քան իր չինական մրցակից BYD-ն: Tesla-ի վաճառքը նվազել է գրեթե 8%-ով Էլեկտրական մեքենաների շուկայում, որն անցյալ ամիս աճել է 42%-ով:

Անկումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նոր մարտկոցներով էլեկտրական մեքենաների եվրոպական շուկան աճել է 34%-ով՝ հասնելով 124,341 միավորի՝ գրավելով ավտոմեքենաների ընդհանուր շուկայի 15%-ը, ցույց են տվել ACEA-ի տվյալները: