
Անկարան կառաջարկի Թբիլիսիին միանալ տարածաշրջանային «3+3» հարթակին
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ բանակցությունների ժամանակ կհայտարարի թուրքական կողմի ակնկալիքների մասին, որ Վրաստանը միանա «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին․ այս մասին РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«2025 թվականի փետրվարի 26-ին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին կայցելի մեր երկիր: Նախարար Հաքան Ֆիդանն ակնկալում է բանակցություններում հայտարարել Անկարայի վճռական աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և իր ակնկալիքները կհայտնի առաջիկայում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին Վրաստանի միանալու վերաբերյալ»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Լևան Մաչավարիանին հայտարարել էր, որ Վրաստանն անընդունելի է համարում Անդրկովկասի շուրջ բանակցությունների «3+3» ձևաչափը՝ դրանում Ռուսաստանի մասնակցության պատճառով։