
Թրամփը կանաչ լույս կվառի՞ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի համար. Մայքլ Ռուբին
Իրենց քարոզարշավի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Վենսը հայ համայնքին խոստացել էին շտկել Բայդենի վարչակազմի օրոք հայերի նկատմամբ կատարված սխալները. գրել է American Enterprise Institute-ի արտաքին և անվտանգային քաղաքականության ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը՝ Washington Examiner-ում հրապարակված հոդվածում։
Ինչպես նշվել է, 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Truth Social սոցիալական ցանցում գրառմամբ Թրամփը խոստացել է․ «Ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Ավելի ուշ այդ օրը Վենսը կրկնել է այս պարտավորությունը: «Միացյալ Նահանգները պետք է պայքարի ամբողջ աշխարհում քրիստոնյաների հալածանքների դեմ»։
Արտաքին ագրեսիայի դեմ Հայաստանի կողքին էին նաև ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին, Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հայերի համար սպասվող դավաճանությունը կարող է գերազանցել նախորդ վարչակազմի դավաճանությունը, որը երդվում էր, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի էթնիկ զտումները։ Միևնույն ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին մասնակցում էր Ադրբեջանի կողմից հովանավորվող քարոզչական շրջագայությանը՝ հայերից մաքրված քաղաքներում: Ռուբինի կարծիքով՝ խնդիրը նաև Ռուսաստանն է։ Բալթյան երկրներից և Ուկրաինայից բացի, ոչ մի երկիր ավելի դեպի Արևմուտք չի թեքվել, քան Հայաստանը: Առաջին անգամ հայերը ՌԴ-ից փորձել են հեռանալ 1990-ականներին։ 2018 թվականին հայերը կրկին դա փորձեցին անել( «Պատճառներից մեկը, թե ինչու Ռուսաստանը դավաճանեց Հայաստանին՝ ի դեմս Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի դեմ, Կրեմլի ցինիկ համոզմունքն էր, որ հայերը կմերժեն 2018 թվականից հետո հրամանը և կվերադառնան դեպի Մոսկվա», – գրել է հեղինակը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ Ռուսաստանը փորձում էր միջամտել, հակազդեցությունը սեպ էր խփում Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում:
Ըստ Ռուբինի՝ եթե Ռուսաստանը կոնսոլիդացնի Ուկրաինայի նկատմամբ դիվանագիտական, եթե ոչ տարածքային վերահսկողությունը, ինչին կհանգեցնի Թրամփի և Վանսի քաղաքականությունը, ապա արևմտամետ Հայաստանը կհայտնվի խաչմերուկում։ «Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի հետ, չի ավարտվի Ուկրաինայում։ Թրամփը, Վենսը, Գաբարդը և մյուսները քարոզարշավի ընթացքում ճիշտ բաներ են ասել, բայց այժմ ժամանակն է, որ նրանք բացատրեն՝ արդյոք նրանք ամերիկահայերին հիմարի տեղ էին դնո՞ւմ, թե՞ ունեն անհայտ կամ չսահմանված ռազմավարություն՝ թույլ չտալու, որ Հայաստանը դառնա Պուտինի գաղափարը Ուկրաինայի 2.0-ի մասին»: